Պետք չէ սպասել հրաշքների
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ով «Ծառուկյան» դաշինքի կազմում լինելու է նորընտիր խորհրդարանում, կարծում է՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ինչ-որ արտառոց դեպքեր չեն լինելու և, ուրեմն, հրաշքների սպասել պետք չէ:
«Չեմ ուզում մտածել, թե ինչ-որ հիասքանչ բան կլինի: Սովորական ընտրություններ կլինեն, ինչպիսին ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն էին: Միայն թե, հույս ունեմ, որ այս ընտրություններից հետո մենք կտեսնենք դրական արդյունք», – նշեց Վարդան Բոստանջյանը՝ հավելելով՝ իր կարծիքով գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի:
Վարդան Բոստանջյանը շեշտեց՝ մեր երկրում կան մի շարք խնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում, ապա հույս հայտնեց, որ ընտրություններիս հետո քաղաքացին գոնե դրական միտումներ կնկատի:
«Դրանք անլուծելի հարցեր չեն. աղքատության կրճատումն ու վերացումը, եկամուտների բևեռացված լինելը, աշխատատեղերի ստեղծումը մեզ համար առանցքային կարևորություն ունեն, և հավատացեք՝ կամք ունենալու դեպքում այդ հարցերը հնարավոր է կարգավորել», – շեշտեց Վարդան Բոստանջյանը: