«Հասարակությունը զզվել է այս ամբողջից» (տեսանյութ)
«Հետընտրական զարգացումներ հարաբերականորեն չկան, իրավական գործընթացներ կան, հիմիկվա հետնտրականն ավելի շատ վերլուծական է, ավելի խնդիրները հասկանալուն է ուղղված, հատկապես որ առանձին անձերի կողմից մի քանի տգեղ տեխնոլոգիաներ բացահայտվեցին: Բոլորիս հայտնի էին, որ նման բաներ էին կատարվում, բայց հիմա փաստերով ի հայտ եկան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ակտիվ հետընտարական զարգացումներ չեղան:
Ըստ նրա՝ հետընտրական պրոցեսը մեծ հիասթափությունն է: «Հասարակությունը զզվել է այս ամբողջից, ծանրագույն հիասթափություն է ապրում՝ բարոյական փշրանքներ պահելով այս ամենից:
Ունենք 2 հասարակություն. մեկը, որ իշխանության հետ միասին ձևավորում է քաղաքական կամքը, և մյուսը, որը մեծ հաշվով այլևս չի դիմադրում, ճիշտ նրա նման է, որ ասում են, որ քեզ բռնաբարում են, լռիր և փորձիր հաճույք ստանալ»,-շեշտեց Հրանուշ Խառատյանը:
«Միացյալ Հայաստան» նախաձեռնության անդամ Ազատ Արշակյանն էլ նկատեց, որ և քարոզարշավի ընթացքում, և դրանից հետո դեպքերը ցույց տվեցին, որ հասարակությունը ճորտացված է, ազատազրկված և իրավազրկված: «Ավարտվեց ազատությունը, տիրոջ ու ծառաների հարաբերություններն էին «Սասի» ժողովում»,-հայտարարեց նա: