Պետք է եթերում անճաշակությանը վերջ դրվի. Շարմազանով
Հեռուսատատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2012թ-ի գործունեության մասին և Հանրային հեռուստառադիոընկերության 2012թ-ի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության խորհրդի հաշվետվությունների ժամանակ հարակից զեկուցող Հայկ Բաբուխանյանը հայտարարեց, որ ամաչում է հեռուսատատեսությամբ պատահաբար էրոտիկ բովանադկությամբ ֆիլմերի հանդիպելիս։
՛՛Ընտանիքով ամաչում եմ հեռուստացույց նայել, կարող է հանկարծ պոռնոգրաֆիա հանդիպի՛՛,-նշեց նա:
Բաբուխանյանը հստակեցրեց, որ էրոտիկ տեսարաններով ֆիլմեր իհարկե օրենքը թույլատրում է կեսգիշերից հետո ցուցադրել, մինչդեռ հաճախ է հանդիպում նման բովանդակությամբ ֆիլմերի, քանի որ դրանք ավելի վաղ ժամերի էլ են հեռարձակվում։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ևս գոհ չէ հանրային եթերի որակից։ ՛՛Պետք է ավելացնել գիտամշակութային հաղորդումները, պետք է եթերում անճաշակությանը վերջ դրվի՛՛,-շեշտեց պատգամավորը:
Շարմազանովը հավելեց, որ կան մի շարք որակյալ հաղորդումներ, որոնք սխալ ժամի են եթեր հեռարձակվում։ ՛՛Գիտահանրակրթական հաղորդումները պետք է այնպիսի ժամի հեռարձակել, որ նոր սերունդը նույնպես կարողանա ծանոթանալ մեր արժեքներին՛՛,-ընդգծեց նա։