27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պատերազմի էյֆորիան

Իմ մանկության տարիներին Երևանում տոնական հրավառություններն իրականացվում էին թնդանոթային համազարկերով: Ռուս զինվորականները հրետանին բերում, կանգնեցնում էին մայրաքաղաքի գլխավոր հրապարակին հարող զբոսայգու տարածքում, իսկ ժողովուրդը ճիշտ ժամին հեղեղում էր ամբողջ հրապարակը: Գրեթե բոլորը հրավառություն դիտելու էին գալիս իրենց երեխաների հետ: Եվ երբ հնչում էր առաջին համազարկը, դրա որոտից շրջապատում ամեն բան ցնցվում ու դղրդում էր: Սարսափազդու թնդյունից տարածքը միանգամից լցվում էր հարյուրավոր վախեցած երեխաների ճիչերով ու լացի ձայներով: Հետո հանկարծ խավար երկինքը պատռվում  էր գունավոր հրթիռների լույսերից, և արտասվող փոքրիկների դեմքը վայրկենապես ողողվում էր զարմացական ժպիտներով: Դա մի աննկարագրելի տեսարան էր: Յուրաքանչյուր համազարկի հետ լացն ու ծիծաղը խառնվում էին իրար, և որքան էլ անկեղծ, անմիջական էր խնդությունը, միևնույն է, այն արդեն շաղախված էր շոշափելի տագնապով, մի երկյուղով, որը ոչ մի գնով չէր նվազելու, որքան էլ շքեղ լիներ գիշերային երկնքի հեքիաթը:

Անցած տարիների մեջ մոլորված այս տեսարանը ես վերհիշեցի օրերս, երբ մի տեղ նստել էի ընկերներիս հետ ու խոսում էինք ապրիլյան պատերազմի մասին: Հիշեցի այնպես հանկարծակի, որ առաջին պահին նույնիսկ տարօրինակ թվաց, թե ինչ ընդհանրություն կարող է լինել իմ հուշի և ներկա պատերազմի միջև: Բայց հետո, երբ կրկին դրվագ առ դրվագ փորձեցի վերապրել առաջին օրերի ծայրահեղ լարումը, իրար հաջորդող զգացական վայրիվերումները, դեպքերի ներգործությունը մարդկանց արարքների ու վարքի վրա, պարզ դարձավ երկու այլազան պատկերների ներքին աղերսը:

Մեր ընկալումների մեջ խորը նստվածք են տվել իրարամերժ երկու շերտեր՝ պատերազմի իդեալականացումը՝ հանուն իր նպատակի վեհության և պատերազմի իրական էության մակաբերումը՝ մեր կամքից անկախ: Այդ իսկ պատճառով էլ ապրիլի առաջին օրերի էյֆորիան, ոգևորության ալիքը, կենդանացնող ոգին համատարած տագնապների, լարվածության, անորոշության ու կորուստների մթության մեջ նույն այն հրավառության էֆեկտը պիտի ունենար, ինչ տեսել էի երեխա ժամանակ:

Որքան էլ մեծ լինի հոգևոր վերելքի, գիտակցական զարթոնքի, ներքին լուսավոր մղումների էներգիան, այն միշտ դատապարտված է անցնելու  այն ճանապարհով, որ բացել է տագնապը: Տագնապ ոչ այն բանից, ինչ կատարվում է այդ պահին, այլ ընդհանրապես այն ամենից, ինչ կա, ինչ արդեն եղել է և դեռ կարող է լինել: Եվ հետևաբար ուրիշ ոչինչ չի մնում անելու, քան ողբերգությանը հակադրել այդ պահի ամենաանտրամաբանական նյութը՝ ողբերգության հերքումը: Դա կունենա կարճատև ներգործություն, սակայն կփրկի կամքի ու ոգու ամրության ներքին ավերումից:

Որովհետև երևի ամեն դժոխք իր դրախտն ունի:

Գուցե բնազդայի՞ն է ինքնապահպանման արձագանքը, մարմնի հակադարձու՞մն է ցավին ու վտանգին՝ արյան մակարդումի պես, վերքը կեղևանքով պատվելու նման, որ ապաքինման խոստումներ է տալու: Ամեն դեպքում այս մտքերն էին, որ դրդեցին վերհիշել գրեթե մեկ դարի վաղեմության մեկ ուրիշ պատմություն՝ այնքան տարբեր ու այնքան նման մեր օրերի թվացյալ բռնազբոսությանը:

Դա 1918 թվականի գարնանն էր, երբ թուրքական բանակը պաշարել էր Ղարաքիլիսան: Այդ օրերին այնտեղ էր նաև Հովհաննես Թումանյանը: Շուտով լուր ստացան, որ թշնամին ճեղքել է ճակատն ու քաղաք է մտնում: Նահանջի միակ ուղին, որ տանում էր դեպի հյուսիս, լցվեց խուճապահար գաղթականներով ու քաղաքի բնակիչներով: Այդ խմբերից մեկի հետ էլ Թումանյանը բռնեց Դսեղ տանող ճանապարհը:

Նրանք գյուղ հասան մթնշաղին: Ուժասպառ ու քաղցած մարդիկ նստոտեցին հենց Թումանյանի հայրական տան բակում: Խարույկ վառեցին: Բոլորը ճնշված էին ու տխուր: Թումանյանն էլ նրանց հետ նստեց մի կոճղի վրա և մարդկանց ծանր մտքերը գոնե մի փոքր մեղմելու հույսով սկսեց զանազան ուրախ լեգենդներ, առակներ, հեքիաթներ պատմել հավաքվածների համար: Այդպես շարունակվեց այնքան, մինչև որ մարդիկ կամաց- կամաց քուն մտան: Իսկ հետո ականատեսը պատմում է.

«Չեմ հիշում՝ ինչքան էի քնել, բայց երբ գիշերվա կեսին աչքս բաց արի և վրա նստեցի՝ միանգամից գլխի չընկնելով, թե որտեղ եմ գտնվում, աչքիս առաջ ներկայացավ անհուսալիորեն ցնցող մի պատկեր: Խորին լռություն էր ու խավար, որ լուսավորվում էր աստղերի առկայծումներով և մարող խարույկի լույսով: Իսկ խարույկի կողքին, նույն կոճղի վրա նստած էր Թումանյանը, միակ մարդը, որ քուն չէր մտել այդ գիշեր: Նա ձեռքի փայտով դանդաղ խառնում էր կրակը` գլուխը հակած կրծքին, և նրա աննկարագրելի տրտում դեմքի վրայով հոսում ու հոսում էին արցունքները…»:

Մեծ գրողի գերագույն ճիգը՝ մարդկային տառապանքի գիշերվա մեջ մի փոքրիկ հրավառության պատրանք ստեղծել, ավարտվեց մեկուսի արցունքներով, արցունքներ, որ անպայման ծնունդ պիտի առնեին այն բանի խորին  գիտակցումից, որ հրավառությունն ընդունակ է միայն մի պահ ցրել խավարը, սակայն նա չի կարող ոչ լուսավորել, ոչ ջերմության աղբյուր դառնալ:

Հրավառությունը քիչ է: Մեզ առավոտ է պետք:

Հովիկ Չարխչյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ