ԱՄՆ-ը քանդում է ուրիշի տունը. մենք պատերազմ չենք ուզում

“Մեր ժողովուրդը պարտավոր է իր վերաբերմունքը ցույց տալ Սիրիայում ընթացող դեպքերի հետ կապված”, – այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Հայրենանվեր մահապարտներ” կազմակերպության անդամ, պատմաբան Արմեն Կարապետյանը:
Նրա խոսքով` դեռեւս Հայոց եղեռնի ժամանակ արաբները ցույց են տվել իրենց բարեկամությունը հայերի հանդեպ ու օգնել են Եղեռնից փրկված հայերին եւ եթե չլիներ այդ հրաշալի ժողովրդի մարդասիրությունը, հայտնի չէ հայերի հետ ինչ կարող էր լինել:
“Այսօր նրանց վիճակն է շատ ծանր: Սիրիայի դեմ ոչ պաշտոնական ինտերվենցիա է տեղի ունենում, եւ հայ ժողովուրդը դրան իր “ոչ”-ը պետք է ասի”,- ասաց նա` հավելելով, որ իրենց կազմակերպությունն իր զորակցությունն է հայտնում Սիրիայի ժողովրդին ու նրա ղեկավարությանը:
Ասուլիսի մեկ այլ բանախոս, “Հայրենանվեր մահապարտներ” կազմակերպության անդամ, փոխգնդապետ Գեորգի Ասատրյանն էլ ասաց, որ հայերը չպետք է անտարբեր մնան Սիրիայում տիրող իրավիճակին, անհրաժեշտ է մասսակայան դիրքորոշում հայտնել.
“Պետք է պահանջենք, որ այդ հարցը խաղաղ ճանապարհով լուծվի: Պետք է բոլորս ասենք, որ սատար ենք կանգնում սիրիացի ժողովրդին”,- ասաց նա:
Արմեն Կարապետյանը եւս գտնում է, որ հայ մտավորականությունը պարտավոր է իր ձայնը բարձրացնել, եւ այդ ձայնը կմիանա աշխարհի ժողովուրդների ձայներին, ովքեր խաղաղասիրական ցույցեր են անում` ընդդեմ ԱՄՆ-ի:
“Մենք դեմ ենք ուրիշի տունը քանդելուն, ինչը որ անում են ուրիշները՝ Միացյալ նահանգները: Մենք դեմ ենք պատերազմին: ԱՄՆ-ը իրեն ժողովրդավար է հռչակել, բայց թիվ մեկ ժանդարմն է: Ոնց կարող ես լինել եւ ժողովրդավար, եւ ժանդարմ”, -ասաց Ա. Կարապետյանը` նշելով, որ Ամերիկան, ելնելով իր շահերից, այս ամենը կատարում է ի հեճուկս Ռուսաստանի:
“Այս գերտերությունների շահերի բախումների արդյունքում տուժում են փոքր եւ միջին պետությունները”,- ասաց նա:
Թուրքիայի առնչությամբ բանախոսները նկատեցին, որ Անկարան ՛՛հրաշալի՛՛ լուծեց իր սահմանին հզոր ուժի՝ սիրիահայ գաղութի՝ սփյուռքի տարալուծման հարցը: