Հերմինե Նաղդալյանը` իր ունեցվածքի մասին
”Տարիներ շարունակ ես խորհրդարանում կատարում եմ մեծ ծավալով աշխատանք և ամբողջովին զբաղված եմ պատգամավորական աշխատանքով, իսկ ձեռնարկությունը, որի մասին խոսվում է այդ դիմումի մեջ, ունի իր տնօրենը, ունի իր գործադիր աշխատանքով զբաղվող պաշտոնյաները, իմ կողմից հանձնված է կառավարման հավատարմագրման սկզբունքով:
Ես հանդիսանում եմ այդ ընկերության բաժնեմասի սեփականատերը, որը բոլորովին արգելված չէ Հայաստանի Հանրապետության օրենքներով”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Նա նաև շեշտեց, որ սեփականության իրավունքը պաշտպանված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ այնպես, ինչպես քաղաքական և քաղաքացիական այլ իրավունքներ:
՛՛Պատգամավորական գործունեությունս էլ հանրության աչքի առաջ է: Այն դիմումը, որի մասին խոսվում է ոչ մի աղերս չունի իմ անձնական մասնակցության հետ՛՛,-հավելեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ ՛՛Թրանսփարենսի ինթերնեյշնլ՛՛ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է Հայաստանի Ազգային ժողովի և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովներին:
Կենտրոնը խնդրում է քննության առնել օրինաստեղծ գործունեությունը ձեռնարկատիրական գործունեությանը զուգակցելու պարագայում Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի կողմից պատգամավորի էթիկայի կանոնները խախտելու հարցը, ինչպես նաև տրամադրել տեղեկատվություն Նաղդալյանի հայտարարագրած գույքի և եկամուտների ու դրանց աղբյուրների վերլուծության և լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների հետ համադրման վերաբերյալ:
Կենտրոնը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից հայցել է հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավվածության և հանրային գնումների գործընթացներին նրանց ընկերությունների մասնակցության վերաբերյալ:
էթիկայի հանձնաժողովներին դիմելու հիմք է հանդիսացել ՛՛Հետք՛՛ ինտերնետային լրատվամիջոցի օգոստոսի 29-ի համարում հրապարակված ՛՛Նաղդալյանին պատկանող ընկերության հետ 409 մլն դրամի պետական գնման պայմանագիր է կնքվել՛՛ վերտառությամբ նյութը: Կենտրոնը գտնում է, որ խորհրդարանի փոխնախագահի մասնակցությամբ ընկերության կողմից առանց մրցույթի պետական գնումների պայմանագիր կնքելը հանրության մոտ հիմնավոր կասկածներ է առաջացնում պաշտոնի հեղինակությունը չարաշահելու մասին: