Ադրբեջանն ինքնուրույն ավանտյուրայի չի գնա
«Երբ որ աշխարհում իրավիճակը թեժանում է, մենք ինքնաբերաբար փորձում ենք ռիսկերը հասկանալ Ղարաբաղի հարցում, և իրավիճակային առումով ռիսկերը կան, բայց կարծում եմ, որ պրակտիկ անմիջական կապվածություն Սիրիայի իրավիճակի թեժացման հետ քիչ հավանական է ղարաբաղյան հարցում: Ամեն դեպքում, փորձը ցույց է տվել, որ չնայած այդ թեժ կետերին Ղարաբաղի հարցում, այդուհանդերձ, միջնորդ գերտերությունները կարողանում են առանձին տարբերակված այլ մոտեցումներ ցույց տալ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը` պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Սիրիայի հարցի հետ կապված ՌԴ-ի ու Արևմուտքի միջև եղած լարվածությունն ինչ-որ կերպ ազդի նաև ղարաբաղյան հարցի վրա, և Ադրբեջանն օգտվի այս իրավիճակից:
«Այս իմաստով ես տեսնում եմ, որ ներկայումս հատկապես ապրիլյան պատերազմից հետո զգալի ապակայունացումը չի բխում այդ գերտերություններից ոչ մեկի շահի հետ, անհրաժեշտություն չեն տեսնում դրա համար: Ադրբեջանն էլ դա շատ լավ պատկերացնում է, և ինքնուրույն ավանտյուրայի չի գնա, խոսքը ռազմական խոշոր սադրանքի մասին է, իսկ հրադադարի խախտումը շարունակական կլինի»,-նկատեց նա:
Հակոբ Բադալյանը հնարավոր տարբերակ չի դիտարկում, որ ՌԴ-ը դուրս գա կարգավորման գործընթացից, քանի որ Ռուսաստանն առացքային դերակատար է: «Ռուսաստանն երկարաժամկետ ու անփոխարինելի բաղադրիչ է Կովկասի անվտանգության հարցում»,-հավելեց նա:
Քաղաքական մեկնաբանի համոզմամբ` կարևոր հարց է այն, թե հնարավոր է արդյոք, որ Ռուսաստանի ռազմավարական պատկերացումները փոխվեն անվտանգության մասով: «Այստեղ շատ բան կախված է Արևմուտքի հետ հարաբերությունից, բայց ապրիլյան պատերազմից հետո շատ բան կախված է նաև Հայաստանի վարքից. եթե Հայաստանը շարունակի շահերի հետապնդման ու ներկայացման հարցում լինել նույնքան համարձակ ու շիտակ, ինչքան ապրիլից հետո փորձ արվեց, իհարկե, ոչ անհրաժեշտ չափով, բայց գոնե ավելի շատ, քան ապրիլից առաջ, ապա այդ հանգամանքը կարող է բերել Ռուսաստանի վերաբերմունքի և ռազմավարության փոփոխության»,-եզրափակեց Հակոբ Բադալյանը: