Մեկնարկեցին Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային մարզամշակութային խաղերը
Սեպտեմբերի 7-15-ը Ֆրանսիայի Նիցցա քաղաքում մեկնարկեցին Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային մարզամշակութային խաղերը: Վերջինս համարվում է օիմպիական խաղերից հետո աշխարհում երկրորդը՝ իր ընդգրկման մասշտաբներով, նշանակությամբ եւ տեղի են ունենում օլիմպիական խաղերին նախորդող տարում :
Այս խաղերին մասնակցում են պետություններ՝ եւ ոչ թե անհատներ: Սեպտեմբերի 7-ին Նիցցայի Մասսենա հրապարակում տեղի ունեցավ միջոցառման բացման հանդիսավոր արարաղությունը՝ շուրջ 3500 մարզիկների, ֆրանսախոս երգի եւ բեմի մեծաթիվ անհատականությունների մասնակցությամբ :
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախագահում էր բացման պաշտոնական արարողությունը: Հանդիսությունն իրենց ներկայությամբ պատվել էին Լիբանանի, Կոտ դ’ Իվուարի, Սենեգալի նախագահները, ինչպես նաեւ 29 կառավարության ղեկավարներ եւ նախարարներ:
Հայաստանյան պատվիրակությունը եւս ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարաի Յուրի Վարդանյանի գլխավորությամբ մասնակցեց Ֆրանկոֆոնիայի խաղերի բացման շքեղ արարողությանը: Ի դեպ, Հայաստանի մասնկացությունն այս խաղերին երկրորդն է, սակայն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակում Հայաստանն այստեղ ներկայանում է առաջին անգամ: Սպորտային եւ մշակութային ուղղվածություն ունեցող միջազգային հեղինակավոր այս միջոցառմանը մասնակցում են աշխարհի 5 մայրցամաքի 54 երկրի պատվիրակներ, թվով՝ 2500 մասնակից, խաղերին տեղում հետեւում է ավելի քան 200.000 հանդիսատես եւ 50 միլիոն հեռուստադիտող` ողջ աշխարհում:
Միջոցառումների շրջանակներում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ֆրանկոֆոնիայի, ինչպես նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարներ տիկին Յամինա Բենգիգիի եւ Վալերի Ֆուրներոնի հետ: Վալերի Ֆուրներոնի հետ հանդիպման ընթացքում նախարարները պատրաստակամություն են հայտնել սպորտի եւ երիտասարդության հարցերի բնագավառում համագործակցությունն էլ ավելի խորացնել եւ զարգացնել: