Հայաստանը ծերացող երկիր է. մարտահրավեր
Հայաստանը ծերացող երկիր է: Սա ՄԱԿ-ի միջազգային զեկույցի եզրակացությունն է, որի մասին Տարեցների միջազգային օրը խոսեց Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Նրա խոսքով, սա երկրի համար մարտահրավեր է, բայց ոչ մի կերպ չի կարելի ճգնաժամ համարել:
Ըստ այդ զեկույցի, տարեցների թիվն ավելի արագ է աճում` համեմատած այլ տարիքային խմբի հետ: Աշխարհի 60-նն անց բնակչությունն, ընդամենը մեկ տասնամյակում, կհատի 1 միլիարդի սահմանը՝ աճելով գրեթե 200 մլն-ով:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա 60-նն անց մարդկանց թիվը 2050թ-ին գրեթե կրկնապատկվելու է՝ 469 000-ից հասնելով 885 000-ի:
Ըստ նրա, Վիեննայում կայացած տարեցների կոնֆերանսի ժամանակ Հայաստանի զեկույցը ճանաչվել է տարածաշրջանում առաջինը եւ Հայաստանի կառավարությունը պատրաստ է դիմակայել ճգնաժամին: :
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանն էլ լրագրողներին տեղեկացրեց, որ միջազգային դասակարգմամբ՝ տարեց են համարվում 65 տարին լրացած մարդիկ, իսկ Հայաստանում կենսաթոշակի են անցնում 63 տարին լրացածները: Ըստ այդմ, տարեցները Հայաստանում կազմում են ընդհանուր բնակչության 11,5 % -ը։ Թիվը փոխնախարարի խոսքով` դեռ մեծանալու է, պատճառները շատ-շատ են եւ տարբեր`ծնելիության նվազում, կյանքի տեւողության երկարում եւ այլ դեմոգրաֆիկ փոփոխություններ:
“Տարեց մարդիկ պետության ուշադրության կենտրոնում են: Սոցիալական պաշտպանության ծրագրերը, մասնավորապես, ուղղված են միայնակ տարեցներին, որոնց թիվը հասնում է 14.000-ի”,- ասաց փոխնախարարը :