Քաղաքական թոշակառու է, ինչ ասեմ. Շարմազանովը՝ Տեր-Պետրոսյանի ելույթի մասին /վիդեո/
՛՛Ես փորձում եմ յուրաքանչյուր սեպտեմբերին ավելի կոռեկտ ու հնարավորինս մեղմ արձագանքել իմ գործընկերներին, բայց չի ստացվում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով առաջին նախագահ, ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Կոնգրեսի վարչության նիստում արած հայտարարությունները:
Շարմազանովը նկատել է, որ առաջին նախագահի խոսքում իրարամերժ գանահտականներ կան:
՛՛Կան գնահատականներ, որոնց հետ ես համամիտ եմ, որ քաղաքականության մեջ վիրավորանքի լեզուն չպիտի լինի: Բայց առաջին նախագահի ու իր թիմի քաղաքական գործընթացների պատմությունը եթե վերցնենք, ապա կհիշենք, որ այդքան էլ այդպես չեն վարվել: Հիմա եթե իրենք որոշել են առանց վիրավորանքի խոսել, ապա լավ է ուշ, քան երբեք՛՛,-նշեց ԱԺ փոխնախագահը, անդրադառնալով Տեր-Պետրոսյանի համեմատությանը, թե Մաքսային միության Հայաստանի մուտքը Բաթումի պայմանագրից խայտառակ իրադարձություն է.
՛՛Որպես պատմաբան կարող եմ ասել, որ համեմատությունը հաջողված չէր, ի՞նչը ի՞նչի հետ ենք համեմատում: Ես մի քիչ զարմացած եմ այդ իմաստով… բայց քաղաքական թոշակառու է, ինչ ասեմ՛՛:
Շարմազանովի համար ընդունելի է ՀԱԿԿ առաջնորդի այն տեսակետը, որ հակառուսական հիստերիա պետք չէ սկսել:
՛՛Համաձայն եմ, մենք էլ ենք մշտապես ասել, որ մենք հայաստանակենտրոն ենք` ոչ արևմտամետ ենք, ոչ ռուսամետ: Ողջունելի է նմանատիպ դիրքորոշումը, բայց այս պայմանագիրը կամ խնդիրները համեմատել Բաթումի պայմանագրի հետ, հաջողված համեմատություն չէր՛՛,-եզրափակեց ՀՀԿ խոսնակը:
Հիշեցնենք, Տեր-Պետրոսյանի ելույթում մասնավորապես ասվում էր.
”Ընդհանուր առմամբ՝ բոլորն էլ հասկանում են, որ ինչ-որ ամոթալի, նվաստացուցիչ բան է կատարվել: Անկախ այն բանից,- Մաքսային միությունը գուցե լավ էլ բան է,- անկախ այս ամենից մարդիկ իրենց նվաստացած են զգում, որ մեր երկիրը կամ մեր Հայաստանի նախագահի աթոռը զբաղեցնողը կամ գործող նախագահը այսպիսի նվաստացուցիչ վիճակի մեջ է հայտնվել: Այս ձախորդ քայլը, ես պատմաբան լինելով՝ կարծում եմ, որ նույնիսկ ավելի նվաստացուցիչ է, քան 1918թ. Բաթումի պայմանագիրը”: