Հանձնարարվել է խստորեն վերահսկել վճարովի ավտոկանգառների կազմակերպման գործընթացը
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/001_1378721074.jpg)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է խիստ հսկողությունը ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Հայտնաբերված խախտումների մասով կազմվում են համապատասխան վարչական արձանագրություններ:
Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է նաև, որ հատուկ ուշադրություն է դարձվում շինարարական հրապարակների կազմակերպման և շինարարության իրականացման ընթացքում բնապահպանական պայմանների պահպանմանը: Խորհրդակցությունը վարող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, փոխանցելով քաղաքապետի հանձնարարականը նշել է, որ պետք է շարունակել հսկողությունը և ապահովել համապատասխան պայմաններ:
Զեկուցվել է, որ, սահմանված ժամանակացույցի համաձայն, ընթացքի մեջ են Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող նոր ավտոմայրուղու և Ուլենցի-Ռուբինյանց փողոցները կապող ավտոճանապարհի կառուցման աշխատանքները: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ավարտվել են ուղետարների վերանորոգման և դրանց ավարտից հետո նաև մաքրման աշխատանքները:
Խորհրդակցության ընթացքում ներկայացավել է, որ ջրահեռացման, կոյուղատար համակարգերի վթարային վիճակի վերացման ուղղությամբ ՛՛Երևան ջուր՛՛ ընկերության կողմից իրականացվում են Նորագյուղ թաղամասի կոյուղատար և ջրահեռացման համակարգերի վերակառուցման աշխատանքներ: Հանձնարարվել է խստորեն հետևել բնակիչների կողմից կոյուղատար համակարգը ջրահեռացման համակարգերին միացնելու ինքնակամ միջամտությունների բացառմանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Վարդաշեն թաղամասի 6-րդ փողոցի 68 հանրակացարանային շենքում բնակվող քաղաքացիների կողմից բնակարանների սեփականաշնորհման գործընթացին անդրադառնալով՝ անշարժ գույքի կառավարման վարչության պետը զեկուցել է, որ աշխատանքներն ընթացքի մեջ են և գործընթացը առաջիկայում ամբողջությամբ կավարտվի:
Անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման աշխատանքների հետ կապված` զեկուցվել է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ: Տնտեսվարողներին մեկ անգամ ևս գրավոր ծանուցվում է հարակից տարածքների բարեկարգման և կանաչապատման հետ կապված իրենց պարտավորությունների մասին` կցելով յուրաքանչյուր օբյեկտի բարեկարգման ենթակա տարածքի սխեման:
Անդրադառնալով մայրաքաղաքում գործող վճարովի ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումը բացառելու նպատակով իրականացվող աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից հանձնարարվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացնել սահմանված հսկողությունը և շարունակել համապատասխան միջոցների ձեռնարկումը:
Հանրակրթական դպրոցներում աշակերտների ընդունելության գործընթացի վերաբերյալ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ 2013-2014 ուսումնական տարում հիմնական դպրոցների առաջին դասարաններ է ընդունվել 11 հազար 689 աշակերտ, նախորդ ուսումնական տարվա 10 հազար 769 աշակերտների համեմատ:Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետը զեկուցել է, որ 3-րդ եռամսյակում մարզական միջոցառումները կամփոփվեն Երևանի հեծանվահրապարակում՝ լայնածավալ միջոցառմամբ:
Ներկայացվել են նաև ՛՛Առողջ սերունդ՝ պաշտպանված հայրենիք՛՛ համաքաղաքային բակային ավանդական փառատոնի արդյունքները, որի շրջանակում 4-րդ անգամ անընդմեջ հաղթող է ճանաչվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն