Ընդդիմության առաջնորդը հրաժարվում է քվեարկել
Վրաստանի “Վրացական երազանք” ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է կատարել իր քաղաքացիական պարտքը եւ քվեարկել: Նա կնոջ հետ ժամանել է ընտրատեղամաս, վերջինս քվեարկել է, իսկ ընդդիմադիր քաղաքական գործիչը լրագրողներին հայտնել է, որ ինքն այս տարի որոշել է չքվեարկել, իսկ պատճառի մասին արդեն հայտնել է լրատվամիջոցներին, հաղորդում է “Новости-Грузия”-ն:
“Մեր իշխանություններն արդեն հազար անգամ փոխել են սահմանադրությունը եւ այն հարմարեցրել իրենց: Դուք լավ եք հիշում` ինչպես այն աղավաղեցին: Ես չօգտվեցի տրված հնարավորությունից: Ես քաղաքականություն եկել եմ ոչ անարադարության համար, այլ արդարությունը վերականգնելու”,-ԶԼՄ-ներին հայտարարել էր Իվանիշվիլին:
Ներկա պահին նա Ֆրանսիայի քաղաքացի է: Վրացական իշխանությունները հրաժարվել էին վերականգնել նրա վրացական քաղաքացիությունը: Սակայն 2012-ի մայիսին երկրի խորհրդարանը հաստատեց այն փոփոխությունները, որոնք ակտիվ եւ պասիվ ընտրական իրավունք են տալիս Վրաստանում ծնված այն քաղաքացիներին, ովքեր ներկայում ԵՄ երկրների քաղաքացի են: Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ այդ փոփոխություններն “արվել են մեկ մարդու համար” եւ հրաժարվել օգտվել իերն տրված իրավունքից: