Լուրջ մարտահրավեր ունենք. ազատամարտիկ/վիդեո/
Այս պահին Ազատության հրապարակում ընթանում է ազատամարտիկների հերթական հանրահավաքը:Ինչպես նշեց ազատամարտիկ, նախկին հեռուստահաղորդավար Սուրեն Սարգսյանը ազատամարտիկները իրենց պայքարը սկսեցին սեփական սոցիալական խնդիրները բարձրաձայնելով, սակայն եկավ նաև հասարականան խնդիրները բարձրաձայնելու ժամանակը: Իր ելույթում ազատամարտիկը անդրադարձավ նաև Նաիրիտի աշխատավորների չվճարված աշխատավարձերի խնդրին:
Այս ընթացքում շուրջ 25 օր հացադուլ հայտարարած, ապա պայքարի այլ տարբերակ ընտրած պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը խոսեց մեկ ու կես ամիս տևած ընդիմադիր ուղու և սպասելիքների մասին. «Այս մեկ ամսում, որոշ խնդիրներ հասցրեցինք լուծել,քիչ թե շատ մոբիլիզացրինք ազատամարտիկներին, մտավորականության և երիտասարդության որոշակի խմբեր, կուսակցական և քաղաքական որոշ կառույցներ: Բայց դեռ վիճակը հեռու է անհրաժեշտից, իսկ առաջին լուրջ մարտահրավերը արդեն ունենք»,-ասաց Խաչիկ Ավետիսյանը:
Ազատամարտիկի գնահատմամբ այս օրերին կարևորը միասին լինելն է, քանի որ միայն այդ ճանապարհով կկարողանանք դիմագրավել նաև արտաքին թշնամուն:
«Մենք արդեն ասել ենք,որ մեր հայտարարած պատերազմը ոչ թե մարմնի այլ հոգու և մտքի պատերազմ է, և մեզնից յուրաքանչյուրս այդ աշխարհազորում հանդես ենք գալիս ոչ թե որպես ստանդարտ պատերազմի զինվոր, այլ որպես հայ մարդ և քաղաքացի, ու երկրի համար ծանրագույն այս իրավիճակում մենք սպասում և պահանջում ենք այդպիսի մարդ և քաղաքացի որակների դրսևորում ամեն մի երիտասարդից, ուսանողից, մտավորականից, ազատամարտիկից, զինվորականից, կուսակցական և անկուսակցականից »,-իր ելույթն այսպես ամփոփեց Խաչիկ Ավետիսյանը:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: