Շավարշ Քոչարյանը բացահայտումներ է արել Մաքսային միությանն անդամակցության բանակցություններից

”Փաստինֆո”-ի փոխանցմամբ` Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով մեկնաբանել է իր վերջին հարցազրույցներից մեկի ընթացքում արտահայտած մտքերը Հայայստանի’ մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ: Արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, թե այդ հարցազրույցում ինքը տեսակետ էր հայտնել, որ մաքսային միություն մտնելով Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը, Շավարշ Քոչարյանն ասել է.
”Ես այդպիսի բան չեմ ասել: Խնդիրը վերաբերում է հետևյալին. Մաքսային միության անդամ դառնալը նշանակում է ինչ-որ աստիճանի ինքնուրյույն որոշումների սուվերենության պակաս: Դա կապված է մաքսային քաղաքականության հետ, դրույքաչափերի հետ”: ԱԳ նախարարի տեղակալը հավելել է, թե այդ դեպքում նշված հարցերով որոշում կայացնելու իրավունքը պատկանելու է արդեն վերազգային մարմնին:
Անդրադառնալով Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման գործընթացի վրա նոր իրավիճակի հնարավոր ազդեցությանը, Շավարշ Քոչարյանը հերթական անգամ վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրման գնալուն: ”Այդ պայմաանագիրը մեզ համար կարևոր է, որովհետև շատ մեծ աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ Եվրոպայի հետ, շատ լուրջ նվաճումներ կան այդ ուղղությամբ”,- ասել է Շավարշ Քոչարյանը:
Միաժամանակ նա չի թաքցրել, որ Մաքսային միությանն անդամակցելու պարագայում Խորը համապարփակ առևտրի գոտու պայմանագիրն անհամատեղելի է և այլևս չի կարող ստորագրվել, հավելելով, սակայն, որ մնացած բոլոր ծրագրերով համագործակցությունը Եվրոպայի հետ շարունակվելու է:
Փոխարտգործնախարարը նաև որոշ բացահայտումներ է արել, թե ինչպես է կայացվել Մաքսային միությանն անդամակցելու որոշումը:
”Այս ընթացքում եղել են բանակցություններ: Դա վերաբերում է և ընդհանուր սահմանի բացակայությանը, թե ինչպես կարելի է դա հաղթահարել և մի շարք այլ խնդիրների: Բայց այդ համակողմանի բանակցությունների արդյունքում վերջ ի վերջո դու կշռադատում ես, ծանրութեթև ես անում և ընդհանուր առմամբ դա մեզ համար ձեռնտու է”-ասել է փոխնախարարը:
Ինչ վերաբերում է մաքսային միության անդամ որևէ երկրի հետ ընդհանուր սահմանի բացակայության հարցին, ապա Շավարշ Քոչարյանը վստահեցրել է, որ բանակցությունների արդյունքում գտնվել է նաև մեր երկրի համար շահեկան տարբերակը: Իսկ թե որն է այն, արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալը չի բացահայտել, հայտարարելով, որ առաջիկայում դա ևս կհրապարկվի: