Խոսքը 10 ռուբլով Սոչիում հանգստանալու մասին չէ. Ազգ
Հայաստանում այսօր քիչ մարդիկ են մնացել, հիմնականում ազգայնական մանր կուսակցություններում, որոնց կարծիքով Հայաստանը ժամանակի հետ աստիճանաբար փոքրացող աշխարհում կարող է իր անկախ, ամուր, զարգացող ու անվտանգ պետությունը պահպանել` առանց որեւէ աշխարհաքաղաքական համակարգի մեջ մտնելու:
Հիմնականում բոլորս էլ հասկանում ենք, որ վաղ թե ուշ, Հայաստանը պետք է մաս կազմի որեւէ նման միավորման, եւ խնդիրն այն էր, թե կոնկրետ որի՞: Ինչպես գիտենք, եւ երեկվա համարում էլ ներկայացրել ենք, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերովՙ “Հայաստանը որոշում ունի” Մաքսային միությանը միանալու վերաբերյալ, եթե սա այսպես է, հետեւաբար “Հայաստանը նաեւ որոշում ուներ ԵՄ-ի հետ ազատ, խոր, համապարփակ առեւտրի համաձայնագիր չստորագրելու վերաբերյալ”, քանի որ համաձայն ԵՄ-ի պաշտոնական դիրքորոշման` հնարավոր չէ նման համաձայնագիր ստորագրել մի երկրի հետ, որը չունի, դիցուք, ինքնուրույն մաքսային օրենսդրություն:
Հասկանալի է, որ Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանն այդ օրենսդրությունը լիովին պարտավորվելու է համապատասխանեցնել արդեն իսկ անդամ երկրների համապատասխան օրենսդրությանը:
Կնշանակիՙ իմաստ չունի գալիք նոյեմբերին ԵՄ-ի հետ նախաստորագրել Ասոցիացման համաձայնագիրը, քանի որ վերջինի կարեւորագույն կետերից մեկն էլ հենց սա է` Ազատ, խոր եւ համապարփակ առեւտրի համաձայնագիրը: Երեկվա համարում “Ազգը” արդեն իսկ հարցադրումներ բաձրացրել է Հայաստանին համառորեն դեպի Եվրոպա տանող եվրոպաշտոնյաների հնարավոր արձագանքների վերաբերյալ` կապված «Հայաստանի որոշման» հետ, այժմ խոսենք այն մասին, թե իսկ էլ ի՞նչ որոշում պետք է ունենար Հայաստանը, կամ կարո՞ղ էր արդյոք մեր երկիրը որեւէ այլ որոշում կայացնել:
Իրավիճակն, անշուշտ, խիստ ուշագրավ է, որովհետեւ կարծես թե Հայաստանն իր “ավանդական” կոմպլիմենտար քաղաքականությամբ առաջին անգամ խախտում է բալանսը` հօգուտ ռազմավարական դաշնակցի, ինչպես մեզանում, ոմանք լուրջ, ոմանք էլ` հեգնանքով, անվանում են Ռուսաստանին: Իրականում Ռուսաստանի` մեզ համար ռազմավարական դաշնակից լինելը չէ, որ ապացուցելու կամ հերքելու ենք, ոչ էլ խոսելու ենք այդ երկրում վերջին տարիներին հատկապես ձեւավորված հայկական ամենահոծ համայնքի մասին: Խոսքը երկուՙ այս պահին անհամեմատ ավելի կարեւոր բաների մասին է` փողի եւ Ադրբեջանի:
Ըստ ադրբեջանական որոշ աղբյուրներիՙ վերջերս Բաքվում գտնվող ՌԴ նախագահ Պուտինը “շուրջ 7 ժամ” առանձնազրույց է ունեցել Իլհամ Ալիեւի հետ: Սերժ Սարգսյանի հետ Պուտինը զրուցեց իր մերձմոսկովյան նստավայրում եւ ոչ թե “շուրջ 7 ժամ”, այլ գրեթե մեկ ժամ:
Ալիեւը, Պուտինի հետ հանդիպելուց հետո ամենեւին էլ հայտարարությամբ հանդես չեկավ, թե “Ադրբեջանը որոշում ունի Մաքսային միությանը միանալու վերաբերյալ”, չնայած “շուրջ 7 ժամ տեւած զրույցին”, փոխարենը Պուտինի հետ անհամեմատ ավելի քիչ զրուցելուց հետո Հայաստանի հիշյալ որոշման մասին հայտարարեց նախագահ Սարգսյանը: Հետեւաբար, կամ Ռուսաստանը չունի Ադրբեջանին ճնշելու ազդու լծակներ, կամ Պուտինին այս պահին գոնե ամենեւին էլ պետք չէ Բաքվի` Մաքսային միությանը միանալու որոշումը:
Մինչդեռ Ադրբեջանի որոշումը այս առումով անչափ կարեւոր է Հայաստանի համար, անշուշտ, սեփական որոշումը կայացնելուց հետո: Բանն այն է, որ աշխարհաքաղաքական այս կամ այն միավորմանն անդամակցելու Հայաստանի ու Ադրբեջանի որոշումներից է մեծ մասամբ այսօր նաեւ պայմանավորված ԼՂ հիմնահարցի լուծումը:
Այսինքն, եթե, օրինակ, տարիների ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվում են տարբեր միավորումների մեջ, ապա դա անհամեմատ բարդացնում է հակամարտության լուծումը, դարձնում գրեթե անհնարին: Եթե երկուսն էլ հայտնվում են միեւնույն միավորման մեջ, հիմնահարցի լուծումն ու դրա ինչպիսին լինելն արդեն կապված կլինեն, թե կոնկրետ ո՞ր միավորմանն են անդամակցել երկու երկրները. եվրոպականը գոնե երաշխիքներ չի տալիս այս առումով մեզ, իսկ ռուսական “տիրույթն”, իհարկե, դառը հուշեր է արթնացնում մեզանում…
Եվ փողի մասին. Եվրոպայից, Արեւմուտքից առհասարակ Հայաստան իհարկե մտնում են ֆինանսական միջոցներ, որոնց թիվը հատկապես շատացել է վերջին տարիներին, երբ Հայաստանն, ընդգծելով իր` «եվրոպական ընտանիքի մի մասը լինելը», քայլեր էր ձեռնարկում եվրոինտեգրման նպատակով, որոշակիորեն օգտվելով ԵՄ-ի հռչակած «Ավելին` ավելիի դիմաց» հայտնի քաղաքականությունից:
Սակայն, անգամ այս համապատկերում, գաղտնիք չէ, որ այսօր Հայաստան մտնող փողի հսկայական մասը ոչ միայն գալիս է Ռուսաստանից, այլեւ կենտրոնացած է Ռուսաստանում: Իհարկե, արեւմտյան երկրներում գտնվող մեր հայրենակից գործարարները եւս իրենց ներդրումները (թեկուզ նվիրատվությունների կարգով) անում են հայրենիքում, բայց ռուսաստանահայ գործարար շրջանակները, հասկանալի է, ոչ միայն ձեւավորում են, օրինակ, “Հայաստան” համահայկական հիմնադրամում ամեն տարի հավաքված գումարի մեծ մասը, այլեւ ազդեցություն ունեն Հայաստանի քաղաքական որոշումների վրա:
Դրանցից մեկը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում բարձրաձայնեց ՀՀ նախագահը: Մնում է հասկանալ, ի՞նչ էր Ասոցիացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ, որը, փաստորեն, անիմաստ դարձավ, եւ ի՞նչ է, ըստ էության, Մաքսային միությունն իր Եվրասիական միություն հեռանկարով, որին միանալու “որոշում ունենք”: Իսկ սա հասկանալու համար պետք չէ շատ խելացի լինել, առավել եւս այդպիսին երեւալ, պարզապես անհրաժեշտ է ժամանակ:
Հասկանալի է, որ խոսքը “տասը ռուբլիով” Սոչի հանգստանալ գնալու մասին չէ, ինչպես Սովետի ժամանակներում…
Այս եւ այլ հոդվածներ կարդացեք թերթի այսօրվա համարում: