Վրաստանում ընտրություններն ուղեկցվում են ծեծով
Վրաստանում ընտրական գործընթացն առայժմ հանդարտ է ընթանում` առանց լուրջ միջադեպերի, գրում է “NEWS.GE” կայքը:
Չնայած կան նաեւ անհարթություններ: Արձանագրվել են դիտորդներից մի քանիսին` ընտրատեղամասեր թույլ չտալու դեպքեր: Պատճառն այն է, որ վերջիններս տեղեկություն չեն հաղորդել ԿԸՀ-ին իրենց կազմակերպության ֆինանսավորման աղբյուրների մասին:
Որոշ տեղամասերում տարբերություն կա ընտրողների եւ քվեաթերթիկների թվի միջեւ: ԿԸՀ-ն սա բացատրում է նրանով, որ ընտրողների մի մասն արտասահմանում է գտնվում, մի մասն էլ հատուկ տարածքներում է գրանցված:
Գրանցվել են նաեւ կնիքները շփոթելու դեպքեր, սակայն դրանք հարթվել են:
Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Թամարա Կինցուրաշվիլին նշել է, որ “Վրացական երազանք”-ից մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներ Կահա Կալաձեն ու Թեա Ցուլուկիանին խախտել են Ընտրական օրենսգիրքը, երբ փորձել են ընտրատեղամաս մտնել: Ըստ օրենքի` դրանք կարող են այցելել միայն շրջանային հանձնախմբերը: Կինցուրաշվիլին հերքել է այն տեղեկությունը, ըստ որի “Վրացական երազանք”-ի դիտորդներից մեկին ծեծի են ենթարկել: Նրա խոսքով` բժշկական հետազոտության արդյունքում պարզվել է, որ ֆիզիկական բռնության հետքերը, որոնք ներկայացրել է կոալիցիայի ներկայացուցիչը, ընտրություններից մեկ օր առաջվա հետքեր են: