ՕՐՕ-ն մեծ հույս չունի, որ կհավաքի անհրաժեշտ 7 տոկոսը․ քաղաքագետ
Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով նախընտրական պայքարին, ասաց, որ այն բավական ակտիվ է։
Խոսելով Արցախի ՊՆ նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալության մասին՝ քաղաքագետը նշեց, որ ձերբակալության փաստը քաղաքական գործիչներն անպայման կօգտագործեն որպես քաղաքական հետապնդում.
«ՕՐՕ-ն ցանկացած պատրվակ կօգտագործի, որ մեղադրի իրենց վրա քաղաքական պատճառներով հարձակման համար: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը մինչև Սամվել Բաբայանի ձերբակալությունը հայտարարում էր, որ իրենց վրա ճնշումներ են գործադրվում։ Ելնելով «ՕՐՕ»-ի անդամների հայտարարություններից՝ կարող ենք ասել, որ նրանք չեն անցնելու խորհրդարան։ ՕՐՕ-ի անդամները հայտարարում են, որ գործունեություն են ծավալելու նաեւ հետընտրական ժամանակահատվածում, նշանակում է, որ նրանք այդքան էլ մեծ հույս չունեն, որ ընտրություններին կհավաքեն անհրաժեշտ յոթ տոկոսը»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ Բաբայանի ձերբակալման փաստը նրանք կօգտագործեն որպես խաղաքարտ՝ իրենց վարկանիշի բարձրացման համար։
Քաղաքագետն անդրադարձավ նաեւ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցին ու նշեց, որ Տեր-Պետրոսյանը հանգիստ խոսում է ու քննարկում առկա խնդիրները։
«Նա ասում է, թե ինչ է պետք անել, այլ ոչ թե՝ բոլորը սրիկա են: Նա այսօր արդեն չի խոսում իշխանությունների մասին, որոնք ամեն ինչ վատ են արել: Եւ դրա պատճառն այն է, որ մի քանի տարի առաջ նա իր առջեւ այլ խնդիր էր դրել՝ համակարգը փոխելն ու իշխանությանը գալը։ Իսկ այսօր ՀԱԿ-ը նման խնդիր չի դրել»,- ասաց բանախոսը։