ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը
Հոկտեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խնդրեց իր բարեմաղթանքները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին եւ նշեց, որ Հայաստանը աչքի է ընկնում իր ակտիվ արտաքին քաղաքականությամբ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց մարդասպան Սաֆարովի ազատ արձակումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եւ կազմակերպության այլ կառույցների կողմից միանշանակ արձագանքները:
Հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանն ու Բան Կի-մունը մտքեր փոխանակեցին ՄԱԿ-ի առջեւ ծառացած խնդիրների, կազմակերպության բարեփոխումների գործընթացի, Հազարամյակի զարգացման եւ կայուն զարգացման նպատակների իրականացման շուրջ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Կոպենհագենի եւ Դուրբանի գագաթաժողովների լույսի ներքո կարեւորեց մինչեւ 2015-ի կլիմայական փոփոխությունների վերաբերյալ իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնագրի կնքումը:
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի համընդհանուր պարբերական զեկույցի վերաբերյալ առաջարկությունների իրականացման գործընթացին: Բան Կի-մունը գոհունակություն հայտնեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի աշխատանքներին ՀՀ իշխանությունների կողմից ցուցաբերվող աջակցության համար: