Նոր լարվածություն թուրք-գերմանական հարաբերություններում
Թուրքիայի և Գերմանիայի միջև նոր կոնֆլիկտ է զարգանում: Այս մասին գրում է «Hürriyet» թերթի կայքը:
Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության (BND) ղեկավար Բրունո Քահլը կասկածելի է համարել այն պնդումները, թե հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձի ետևում իսկապես կանգնած է Ֆեթհուլլահ Գյուլենը: Քահլը նշել է, որ Թուրքիան բազմիցս փորձել է ապացուցել այդ վարկածը, բայց այդպես էլ չի հաջողվել:
Դաշնային հետախուզական ծառայության ղեկավարի այս հայտարարությունը Թուրքիայում բուռն դժգոհությունների և քննադատությունների տեղիք է հանդիսացել: Թուրքիայում Գերմանիայի դեսպանության գործերի հավատարմատարը կանչվել է արտգործնախարարություն: Թուրքական կողմը Բրունո Քահլի հայտարարության հետ կապված իր դժգոհությունն է հայտնել Գերմանիայի հավատարմատարին:
Թուրքիայի նախագահի խոսնակն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Գերմանիայի հետախուզական ծառայության ղեկավարը այնքան էլ հաճախ չի հանդես գալիս այս կամ այն թեմայի վերաբերյալ հայտարարություններով:
«Այս առումով Գերմանիայի հետախուզական ծառայության ղեկավարի՝ հայտարարությամբ հանդես գալու հանգամանքը շատ բան կարող է հուշել: Սա մի հարված է, որով փորձ է արվում չեզոքացնել FETÖ-ի հարցում մեր կողմից ԱՄՆ-ի և Եվրոպայի վրա գործադրվող ճնշումները»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Գյուլենական համայնքը» (FETÖ) մեղադրվում է 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Այս համատեքստում Թուրքիան պարբերաբար ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից պահանջում է ճնշումներ գործադրել կամ արտահանձնել այդ երկրներում ապաստանած գյուլենականներին: