Մեր 15 կետերը անձամբ ես եմ գրել. Գագիկ Ծառուկյան (ֆոտո, տեսանյութ)
Գյումրեցիները «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հանդիպումից մեկ ժամ առաջ էին սպասում` Թատերական հրապարակը լեփ-լեցուն էր, ու մինչ Ծառուկյանը հասավ բեմահարթակին` տևեց շուրջ 20 րոպե: Իչնպես տեղից փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը, ամեն կողմից նրան կանգնեցնում էին, դիմում խնդրանքով կամ պարզապես օրհնում, փոխանցում հարյուրավոր նամակներ: Մարդկանց ոգևորությունն այնքան մեծ էր, որ Ծառուկյանը ստիպված էր երբեմն-երբեմն ընդհատել ելույթը, իսկ նրա ամեն բառ, ամեն խոստում ընդունվում էր ծափողջյուններով:
«Եթե հնարավորություն տաք, որ ընտրություններում ստանանք 50+1 ձայները, ապա համակարգ էլ կփոխենք, օրենք էլ կփոխենք, ներդրում էլ կանենք, աշխատատեղ էլ կստեղծենք: Մեր 15 կետերը անձամբ ես եմ գրել, ու առաջին իսկ ամսում բոլոր 15 կետերը կյանքի կկոչենք»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:
Նա հիշատակեց այն ծանր իրավիճակը, որում մարդիկ ապրում են այսօր` ամեն տնից 2-3 հոգի վարկի տակ են, Հայաստանի 650 հազար ընտանիքների երկու-երեք անդամները վարկառու են: «Համաշխարհային բանկից 0 տոկոսով բերվել են գումարներ, բայց ո՞վ է դրանցից օգտվել, ոչ մեկը: Դրա համար համապատասխան մարդիկ պետք է պատասխան տան, այդ գումարներն էլ ետ վերադարձվեն ու ուղղվեն փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, ներդրումներին ու նոր աշխատատեղերի ստեղծմանը, քանզի բարեգործությամբ երկիր չես պահի»,- հայտարարեց նա: