Ղարաբաղի հարցը տարածքային հարց չի եղել ու տարածքային հարց չէ
Հող տալ-չտալու, տարածք հանձնել-չհանձնելու դիսկուրսը ոչ միայն փակուղային է, այլև այլասերում է խնդրի էությունը: Ղարաբաղի հարցը տարածքային հարց չի եղել ու տարածքային հարց չէ: Ինչքան էլ Ադրբեջանն ու գիտակցաբար կամ անգիտակցաբար ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին ջուր լցնող հայկական շրջանակները փորձեն խնդրի էությունն այլասերել, միևնույնն է` Արցախի հարցը մարդու իրավունքների, մարդու ազատ կամաարտահայտության խնդիրն է:
Սա է անկյունաքարը, սա է պատճառը, մնացածը` հետևանքներ են: Պատճառահետևանքային խնդիրները հետուառաջ անելը եղել է ու կա Ադրբեջանի քաղաքականության հիմքը, այլ կերպ ասած` խնդիրը վերածել տարածքային հարցի և լուծումները փնտրել միջազգային իրավունքի «պետությունների տարածքային ամբողջականության» սկզբունքի համատեքստում: Գրում է ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված թեկնածու, պատմաբան Միհրան Հակոբյանը: