Քաղաքագետը “Вести”-ի լրագրողին առաջարկում է ման գալ Մոսկվայում հարբած-ընկածներին

Օրեր առաջ Նոր Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարի մեջ մեղադրվող “ԿամԱԶ”-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ռուսական կողմի վերաբերմունքի վերաբերյալ այսօր իր տեսակետը հայտնեց “Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի” նախագահ Ստեփան Գրիգորյանը:
Նա ցավակցություն հայտնեց, սակայն մանրամասնեց, թե ում. “Ցավակցություն ճշտեմ` ում. այն մարդկանց հարազատներին, որոնք զոհվել են Ռուսաստանում ավտովթարներից, երբ վարորդները խմած էին: Միայն այս տարի հարյուր անգամ շատ մարդ զոհվեց ավտովթարներում, երբ վարորդները խմած էին, այդ մարդկանց հարազատներին եւ այս 18 հոգուն”:
Ս. Գրիգորյանը խոսք ուղղեց “Вести”-ի լրագրող Սկաբեեւային, ով Հրաչյա Հարությունյանի հետ կապված նշել էր “мычать” բառը:
“Այն լրագրողներին, ովքեր օգտագործել են այդ տերմինը, ուղարկում եմ հետ նույն այդ տերմինը: “Вести”-ի թղթակցուհուն առաջարկում եմ ման գալ Մոսկվայում հարբած-ընկածներին, նրանք այդ ալկոհոլիկներն են, նրանց նկատմամբ պետք է օգտագործել “мычать” բառը”:
Քաղաքագետն անդրադարձավ Հայաստանի ԱԳՆ-ի պահվածքին` նշելով, որ ուրախ է արձագանքելու համար. “Հանդիպումներ եղան, սակայն մակարդակը այցելությունների պետք է բարձրացնել. մեր դեսպանը պետք է այցելի, երկրորդը` փոխարտգործնախարարի մակարդակով պետք է այցելություն կատարվի”:
Պարոն Գրիգորյանը հավելեց, որ պետք է կատարվեր նաեւ ավտոբուսի վարորդի խմածության ստուգում.”Ահռելի “ԿամԱԶ”-ը գալիս էր իր վրա, նա, սակայն, ոչ մի կերպ չարձագանքեց, նույնիսկ մի փոքր ձախ չգնաց, ինձ մոտ տրամաբանական հարց առաջացավ ` նա խմած էր, թե ոչ”:
Ըստ նրա` տեղի ունեցածը ոչ մի կապ չունի գազի թանկացման կամ Եվրոպայի հետ մեր հարաբերությունների հետ:
“Իրոք Ռուսաստանը միգրանտների հետ խնդիրներ ունի: Ռուսատանն էլ հոգնում է դրանից. այժմ էլ փորձեցին աղմուկ հանել, որ ինչ-որ հարցեր այդ կերպ լուծեն: Ես ասում եմ, անցկացրեք նորմալ դատավարություն”: