Այսօր Դպրոցական սննդի միջազգային օրն է
Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում այսօր նշվել է Դպրոցական սննդի օրը, որը 2012 թվականից աշխարհում նշվում է որպես Դպրոցական սննդի միջազգային օր: Այս տարի գլոբալ շարժման անդամ է դարձել նաև Հայաստանը, որտեղ 2014 թվականից իրականացվում է «Դպրոցական կայուն սնունդ» ազգային ծրագիրը: Միջոցառմանը մասնակիցներին ողջունել և շնորհավորել է ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական, «Դպրոցական կայուն սնունդ» հիմնադրամի տնօրեն Բագրատ Եսայանը:
«Արդեն 5-րդ տարին ողջ աշխարհում մարտի 9-ը նշվում է որպես Դպրոցական սննդի միջազգային օր: «Կայուն դպրոցական սննդի զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում արդեն 7 տարին 1-4-րդ դասարանների երեխաները ստանում են սնունդ: Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի, ՀՀ կառավարության և Ռուսաստանի սննդի ճյուղային ինստիտուտի ջանքերով: 2014 թվականից առ այսօր ՀՀ կառավարությունն իրականացնում է «Դպրոցական կայուն սնունդ» ազգային ծրագիրը, որի շրջանակում ՀՀ երեք մարզերում՝ Արարատում, Վայոց Ձորում և Սյունիքում, աﬔն օր սնունդ է մատակարարվում մոտ 93.000 երեխաների: Սեպտեմբերից կավելանա նաև չորրորդ մարզը` Տավուշը»,-նշել է Բագրատ Եսայանը` ընդգծելով, որ ամենօրյա սննդարար կերակուրն անապահով ընտանիքների երեխաների համար կարևոր հարցի լուծում է:
Ըստ նախարարի խորհրդականի` ծրագրի շրջանակում աշակերտները նաև գիտելիքներ են ստանում առողջ սննդի վերաբերյալ: «Մենք դեմ ենք գազավորված և շաքարով հագեցած ըմպելիքների օգտագործմանը: Եվ այս քարոզչությունը տարիներ շարունակ իրականացվել է Հայաստանի տարբեր դպրոցներում»,-նշել է Բագրատ Եսայանը` հավելելով, որ որպես «Դպրոցական կայուն սնունդ» հիﬓադրաﬕ տնօրեն` կանի հնարավորը, որ մոտ ապագայում ծրագիրը ներդրվի նաև Երևանի բոլոր դպրոցներում: «Հույս ունեմ, որ Երևանում այս ծրագրի ներդրվելուց հետո կունենանք շատ ավելի լավ պայմաններ, ուսման մակարդակի բարձրացում և գիտելիքի ավելի լավ յուրացում»,-նշել է Բագրատ Եսայանը` աշակերտներին հորդորելով առավել ուշադիր լինել սննդի ընտրության հարցում:
Միջոցառման ընթացքում աշակերտները թեմատիկ խաղերի և վիկտորինաների միջոցով ծանոթացել են առողջ սննդի տեսակներին և լսել հետաքրքիր պատմություններ` առողջ ապրելակերպի վերաբերյալ: