Կներեք, չհասցրեցինք գնալ հայկական խանութ` նոր շորեր գնելու. ծաղրանքով արձագանքել են ռուսաստանյան հիվանդանոցից

Երեկ ամբողջ օրը հայ հասարակությանն ալեկոծեց ՀՀ քաղաքացի, ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանի հետ տեղի ունեցածը, երբ նրան հիվանդանոցից Տվերսկի դատարան էին տեղափոխել գունավոր և ծաղկավոր խալաթով:
Եւ միայն երեկ երեկոյան արդեն ռուսական լրատվամիջոցները մեկնաբանեցին, որ կանացի այդ խալաթը հիվանդանոցի հանդերձանքն է:
Այսօր ԳԱԼԱ-ն փորձել է զրուցել Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոցի բուժանձնակազմի հետ, ուր եւ Նոր Մոսկվայում գրանցված դժբախտ պատահարի հետեւանքով տեղափոխել էին ավտովթարից տուժած վիրավորներին, այդ թվում` նաեւ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին:
Հիշեցնենք, որ հետաքննության պահանջով բժիշկները նրան դուրս բերեցին դեղորայքային քնից եւ հենց դեպքի երկրորդ օրը անպատշաճ հագուստով, չսափրված նրան բերեցին դատարան:
”Այլեւս մեզ մոտ չէ պառկած ձեր հիվանդը, նա տարվել է ուրիշ բուժհաստատություն, 20-րդ հիվանդանոց են տարել, այնպես որ զանգեք այնտեղ”,-պատասխանել են հիվանդանոցից: Փորձել են պարզել, թե ինչ վիճակում են գտնվում ավտովթարից տուժած մյուս քաղաքացիները, ինչին ի պատասխան հիվանդանոցից մեղադրական տոնով նշել են. ՛՛Գիտեք, միայն 18 հոգի մահացել է, մնացածը տուժել են, իսկ նա` ամենաքիչը՛՛:
Լրատվամիջոցիի թղթակիցը փորձել է նաեւ ճշտել ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկության իսկությունը, թե խալաթը, որով տեղափոխել են Հրաչյա Հարությունյանին, իսկապե՞ս հիվանդանոցային համազգեստ է, ինչին ի պատասխան արձագանքել են. ՛՛Իր հագուստը կեղտոտ էր ու արյունոտված, կներեք, չհասցրեցինք գնալ խանութ՝ մասնավորապես հայկական խանութ` նոր շորեր գնելու, նույնիսկ՝ խալաթ… ինչ գտել ենք, անմիջապես հագցրել ենք, որպեսզի մերկ չլինի՛՛:
Զրուցակիցը սա ասել է ծաղրական տոնով, այնուհետեւ անջատել հեռախոսը` չցանկանալով ներկայանալ: