Հարկավոր է կարգավորել հարաբերությունները մեր ամենամեծ հարեւանի հետ. Բիձինա Իվանիշվիլի

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած ընդդիմադիր “Վրացական երազանք” կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտնել է Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությոնները կարգավորելու իր մտադրության մասին` միաժամանակ նշելով, որ ինքը գիտակցում է` որքան դժվար դա կլինի, սակայն նա համոզված է, որ դա անհնարին չէ, հաղորդում է “PБK”-ն:
Միաժամանակ Իվանիշվիլին հայտնել է, որ Վրաստանի` ՆԱՏՕ-ին եւ Եվրոպային ինտեգրվելու քաղաքական կուրսը չի փոխվելու: Նրա կարծիքով` Վրաստանի գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է այնպես արել, որ Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամագրվելուն: Սակայն ընդդիմության առաջնորդի համոզմամբ` ճիշտ դիվանագիտության եւ վերլուծության շնորհիվ Ռուսաստանը կհամոզվի, որ Վրաստանի ինտեգրումը Հյուսիսալանտյան դաշինքին իր համար որեւէ սպառնալիք չի ներկայացնում:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք Մոսկվայից զանգ ստացվել է իր հաղթանակից հետո, Իվանիշվիլին պատասխանել է. “Ոչ մի զանգ, ոչ մի լուր չի եղել”:
Նա նաեւ նշել է, որ Վրաստանի նոր սահմանադրության համաձայն ինքը կարող է վարչապետ դառնալ` նույնիսկ առանց վրացական քաղաքացիության: Սակայն նա գերադասում է, որ դատարանը վերադարձնի իրենից անօրինական ճանապարհով վերցրած քաղաքացիությունը:
Իվանիշվիլին նաեւ կոչ է անում Սաակաշվիլիին հրաժարվել պաշտոնից` ընտրությունների նման արդյունքներից հետո: