Փաստաբան Ալեքսանդր Մալցեւը մանրամասներ է փոխանցում հայ վարորդի գործի ու նրա հոգեբանական վիճակի մասին
Ռուսաստանում խոշոր ավտովթարի պատճառ դարձած բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանն ապահովված է երկու փորձառու փաստաբանով։ Նրանք փորձում են պաշտպանությունը կառուցել այն հանգամանքի վրա, որ պետք է պատասխանատվության ենթարկվի ընկերության ղեկավարությունը, որը հանձնարարել է Հրաչյա Հարությունյանին բեռներ տեղափոխել շահագործման համար ոչ պիտանի բեռնատարով: Գործի քննության ներկա փուլի, Հրաչյա Հարությունյանի բարոյահոգեբանական վիճակի մասին “Արմենպրես“-ը զրուցել է Հարությունյանի դատապաշտպան Ալեքսանդր Մալցեւի հետ:
-Խնդրում եմ մանրամասներ ներկայացնեք հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքի մասին: Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել Հրաչյա Հարությունյանի պաշտպանության հետ կապված:
-Հիմա ամենակարեւորն այն կազմակերպության տիրոջը գտնելն է, ուր նա աշխատանքի է անցել, եւ որը նրան տրամադրել է անվտանգության չափանիշներին չհամապատասխանող փոխադրամիջոց: Մեքենան գործարկումից առաջ փորձաքննության չի ենթարկվել, ինչը կազմակերպության ղեկավարության կողմից կոպիտ օրինախախտում է: Այժմ մենք փորձում ենք պատասխանատվության կանչել կազմակերպության ղեկավարությանը, որին հիմա փնտրում ենք ոչ միայն մենք, այլեւ քննչական մարմինները: Մեր հիմնական պաշտպանությունը մենք կառուցելու ենք այս վարկածի վրա:
-Մյուս պաշտպան պարոն Չուբաեւն իր հայտարարությունների ժամանակ նշել է, որ նոր մեղադրյալներ կարող են ի հայտ գալ: Արդյո՞ք հենց ընկերության ղեկավարությանն է ի նկատի ունեցել:
-Ես կարծում եմ, այո, դրա տակ ի նկատի է ունեցել հենց կազմակերպության ղեկավարությանը:
-Իսկ ի՞նչ շանսեր կան, որ այս վարկածը կաշխատի եւ Հարությունյանի մեղադրանքը կմեղմացվի:
-Կարծում եմ դեռ վաղ է դրա մասին ասելը, քանզի դեռ մեծ աշխատանք պետք է տարվի, այժմ կարեւոր է գտնել մեղավորներին, ովքեր պատասխանատու են մեքենան ճանապարհ թողնելու համար:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ Հրաչյա Հարությունյանին դատարանի դահլիճ են բերել նման նվաստացնող վիճակում` կանացի խալաթով, անմիջապես կոմայից դուրս գալուց հետո:
-Կարող եմ ասել, որ իրավապահ մարմինների կողմից խախտում է թույլ տրվել. նրան բերել են գործնականում կիսամերկ` կարծես ցանկանալով նվաստացնել մարդուն, ինչի կապակցությամբ ես եւ իմ կոլեգա փաստաբանը համապատասխան արձագանք ենք տվել եւ մեր դժգոհությունը հայտնել: Անընդունելի է այն, որ նրան հիվանդանոցից բերել են այդ վիճակում` ոչ մի հագուստ չտալով: Բացի դրանից, ԶԼՄ-ները նրան ցույց տվեցին այդ տեսքով` տառացիորեն նվաստացնելով մարդուն: Բանն այն է, որ նա գտնվել է Մոսկվայի 20-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղից էլ պահակախմբի հսկողությամբ բերվել է դատարան, ուստի մենք ոչ մի կերպ չէինք կարող ազդել տեղափոխման ընթացքի վրա: Մենք նրան տեսանք դատարանի դահլիճում, երբ արդեն սկսել էր դատական գործընթացը եւ քննիչը միջնորդություն էր ներկայացնում կալանքը` որպես խափանման միջոց, կիրառելու վերաբերյալ:
-Իսկ հնարավոր է, որ այդ ամենը ազդել է Հարությունյանի դեպրեսիվ եւ անտարբեր վիճակի վրա, որի արդյունքում չի ցանկանում բողոքարկել դատարանի որոշումը:
-Չեմ կարծում, որ դա որեւէ կերպ ազդել է նրա այդ որոշման վրա: Նա հրաժարվում է ելույթ ունենալ լրագրողների առաջ, բացի դրանից, նա դեռ ուշքի չի եկել նման բարոյահոգեբանական հարվածից: Ավտովթարից հետո Հարությունյանին անմիջապես տեղափոխել են հիվանդասենյակ, ուր հեռուստացույց, ռադիո կամ տեղեկատվություն ստանալու այլ աղբյուր չկար, ուստի ավտովթարի հետեւանքների մասին նա իմացել է անձամբ ինձանից եւ մեծ սթրես է ապրել:
-Հայաստանի դեսպանատնից կապվե՞լ են Ձեզ հետ եւ արդյոք հայակական կողմի համագործակցության պատրաստակամություն հայտնել է:
-Այո, իհարկե: Այսօր ինձ հետ կապվել են Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղարությունից եւ առաջարկել են իրենց օգնությունը, իսկ երեկ Ռուսաստանում հայկական համայնքի ներկայացուցչի հետ մենք քննարկել ենք գործի մանրամասները: Կարծում եմ մենք կհամագործակցենք նրանց հետ ապագայում:
Տեղեկանք. Հուլիսի 13-ին` ժամը 13:00-ին, “Նոր Մոսկվա”-ում` Պոդոլսկ գյուղի մոտակայքում, մանրախճով բեռնված “Կամազ” մակնիշի բեռնատար մեքնենան դուրս է եկել ճանապարհից եւ բախվել Պոդոլսկից Կուրիլովո գնացող ЛиАЗ ավտոբուսին` այն բաժանելով երկու մասի: Ավտովթարի արդյունքում զոհվել է 18 մարդ եւ ավելի քան 60-ը վիրավորվել են: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Նրա նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք: Նրան դատարան են տարել կանացի խալաթով: ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին` Հրաչյա Հարությունյանի արժանապատվության եւ այլ իրավունքների պաշտպանության խնդրանքով: