Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2013թ. առաջին կիսամյակի գնահատման եւ վերլուծության արդյունքները

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2013թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման եւ վերլուծության արդյունքները: Ըստ այդմ, բարձր ցուցանիշներ են գրանցել Ավան, Դավթաշեն եւ Արաբկիր վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ են արձանագրվել Նոր Նորք եւ Շենգավիթ վարչական շրջաններում:
Անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարեւորել է սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետեւողական աշխատանքը, հատկանշելով, որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման հարցում առաջնահերթը հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումն է: Ըստ այդմ, քաղաքապետը համապատասխան վարչությունների պատասխանատուներին հանձնարարել է անձամբ այցելել համեմատաբար ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների աշխատակազմեր, վերլուծել կիրառվող մոտեցումներն ու քայլեր ձեռնարկել աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման ուղղությամբ:
Անդրադառնալով գնահատման եւ վերլուծության արդյունքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ չբավարարվել ձեռքբերածով, առավել հետեւողական աշխատանք տանելով ցուցանիշները բարելավելու ուղղությամբ եւ անել հնարավորը առավելագույն արդյունքներ ապահովելու համար. “Մայրաքաղաքում համաչափ զարգացում ապահովելով` մենք յուրաքանչյուր տարի պետք է գերազանցենք քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում իրականցվող աշխատանքների արդյունքները: Համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ առաջիկա չորս տարիների ընթացքում մենք պետք է ավարտին հասցնենք բոլոր այն ծրագրերն ու նախագծերը, որոնք խոստացել ենք երեւանցիներին”,- ընդգծել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը նաեւ հանձնարարել է վարչական շրջանների գործառույթների գնահատման շրջանակում ներառել նաեւ Երեւանի ավագանու որոշմամբ սահմանված պարտադիր բարեկարգման նորմերի պահպանումը, ինչպես նաեւ տարվա յուրաքանչյուր սեզոնին բնորոշ աշխատանքների իրականացման համեմատական վերլուծությունները:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն