Չկա Րաֆֆի Հովհաննիսյանը, Սերժ Սարգսյանը, հազարապատիկ կարևոր բան ունի ասելու …
Հուլիսի 29-ից սկսած Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնումմեկնարկում է Վարդան Պետրոսյանի ”Ամեն երկուշաբթի” ներկայացումը :
”Ինձ համար շատ փնտրված ու գտած վերնագիր էր. իմ բախտն ինձ հետ է, երկուշաբթի թատերական օր չէ, բայց ես թատրոնում խաղացել եմ, ու սկսեցի սիրել երկուշաբթին ու այն դարձավ սիրելի օր ինձ համար, երկուշաբթին նոր բան սկսելու առաջին օրն է, ոչ ոք ծխելը չի թողնում շաբաթ կամ կիրակի, կանայք դիեատաները սկսում են երկուշաբթի”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց դերասանը: Նա նշեց, որ յուրաքանչյուր երկուշաբթի, հնարավոր է նաև շաբաթվա այլ օրերին ևս թատրոնում ընդունի իր սիրելի հանդիսատեսին:
”Եկել եմ թևերս քշտած, ամբողջ թափով խաղալու, ինչքան գան, այնքան կխաղամ”,-նկատեց նա:
Դերասանը պատմեց, որ մեկ ամիս շարունակ չէր գրում, որովհետև այն, ինչ զգում էր, նույնիսկ ինքը չէր ցանկանում տեսնել:
Ներկայացումը կանդրադառնա հասարակական հոգսերին, քաղաքականությանը:
”Անհնար է չանդրադառնալ այսօրվա մեր հոգսերին ու խնդիրներին, դա կլիներ փախուստ ինքս ինձնից”,-հավելեց Վարդան Պետրոսյանը` շեշտելով, որ մարդիկ հոգնել են քաղաքականությունից և դա ևս պատկերված է լինելու ներկայացման մեջ, չեն լինելու նմանակումներ:
”Այն, ինչ այս անգամ ես եմ ասելու, հազարապատիկ կարևոր է: Չկան նմանակումներ, չկա Րաֆֆի Հովհաննիսյանը, Սերժ Սարգսյանը, ես շատ ավելի կարևոր բաներ ունեմ ասելու, այս անգամ չի լինի, որ նմանակում անեմ, ու մարդիկ ասեն` ուխ ինչ լավ կպավ”,-եզրափակեց Վարդան Պետրոսյանը: