26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամենակարեւորն ու ամենավտանգավորը. Ժամանակ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շատ բարդ է և երբեմն պահանջում է քայլեր բավական ազդեցիկ մարդկանց դեմ, կտրուկ գործողություններ: Նա այդ մասին հայտարարել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին իր հերթական անդրադարձերից մեկի շրջանակում: Իսկ այդպիսի անդրադարձեր ԱՄՆ դեսպան Միլզը ունենում է պարբերաբար՝ պարբերաբար հիշեցնելով, որ կոռուպցիան սպառնում է ոչ միայն Հայաստանի զարգացմանը, այլև ընդհուպ մինչև ազգային անվտանգությանը:

Միևնույն ժամանակ հատկանշական է, որ Միլզը այս համատեքստում դրական է գնահատում նոր վարչապետ Կարեն Կարապետյանի քայլերը, թեև, որպես այդպիսին, դժվար է մատնանշել շոշափելի քայլեր՝ ի տարբերություն, օրինակ, նախորդ կառավարությունների: Օրինակ՝ ԱՄՆ դեսպանը մատնանշում է ապօրինի հարստացման դեմ օրենքի ընդունումը, ինչը, սակայն, գործնականում նախորդ կառավարությունից մշակվող օրինագիծ էր:

Սակայն խնդիրը տվյալ պարագայում, անկասկած, օրինագծերը կամ օրինակները չեն, այլ քաղաքական մեսիջը, որ ԱՄՆ դեսպանը հղում է վարչապետի մասով, և որով նա ըստ էության սահմանում է այն նշաձողը, որ ԱՄՆ-ը դիտարկում է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքը չափելու հարցում:

Փաստորեն, նշաձողը ազդեցիկ մարդկանց նկատմամբ կտրուկ գործողություններն են, որոնց մասին խոսում է դեսպան Միլզը: Կգնա՞ Կարեն Կարապետյանը կոռուպցիայի դեմ պայքարում այդպիսի գործողությունների: ԱՄՆ-ը մի կողմից՝ հայտնում է իր աջակցությունը այդպիսի գործելաոճի դեպքում, մյուս կողմից՝ սահմանում իսկապես բարձր նշաձող, որին համապատասխանելու համար Կարեն Կարապետյանն, իհարկե, ուղղակիորեն ստիպված պետք է լինի պատերազմ հայտարարել կոռուպցիային, ինչը նշանակում է նաև դրան համարժեք քաղաքական ռիսկեր:

Հատկանշականը այստեղ այն է, որ ԱՄՆ-ն ինքը կտրուկ բարձրացնում է կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի իշխանության կամ բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունների չափման նշաձողը: Բանն այն է, որ այդ հանգամանքի քաղաքական կամ նույնիսկ ռազմա-քաղաքական տողատակը բավական ակնհայտ է՝ հատկապես, երբ խոսվում է ազգային անվտանգության վրա կոռուպցիայի ազդեցության մասին:

Հայաստանի իշխանության համար կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ԱՄՆ մոտեցումները, այսպես ասած, «սահմանադրական նորմ» կամ պարտավորություն չեն, անվերապահ կատարման ենթակա, սակայն միևնույն ժամանակ հստակ է, որ հենց այդ նշաձողն է հանդիսանալու Հայաստանի հետ ԱՄՆ բարեկամական, տնտեսա-քաղաքական հարաբերության առանցքը: Եվ եթե չկա այդ առանցքը, կնշանակի՝ չկա այն ամուր կապը, որի վրա հիմնվում է բարեկամությունը: Իսկ եթե միջպետական բարեկամությունը Հայաստանի իշխանության համար կարող է լինել ընդամենը հռետորություն, ԱՄՆ քաղաքական մշակույթի պարագայում բառերը քամուն տալը թերևս այդքան էլ ընդունված ու տարածված չէ, հետևաբար դրանք չեն հնչում հենց այնպես:

Այսինքն՝ եթե չկա բարեկամության ամուր հենքը, չկա նաև բարեկամություն: Եվ եթե այդ հենքը կոռուպցիայի դեմ պայքարն է և դրա վրա է շեշտադրումը, ընդհուպ մինչև ազգային անվտանգության համար կարևորության ընդգծմամբ, կնշանակի, որ եթե չկա հայ-ամերիկյան իրական, ամուր բարեկամություն, չկա նաև անվտանգություն:

Ընդ որում, դա ամենևին սպառնալիք կամ նախազգուշացում չէ, այլ իրական քաղաքականություն, որտեղ Հայաստանին ընդամենը հիշեցվում է բարդ տարածաշրջանում և մարտահրավերներով լեցուն իրողություններում բարդ հակամարտության բեռով հայկական պետականության գլխավոր հաղթաթղթի՝ քաղաքակրթական գործոնի, քաղաքակրթական ռեսուրսի մասին, որի արդյունավետ գեներացիան հնարավոր է միայն կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի շնորհիվ:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ