Սուր շնչառական վարակները աշխուժացել են
Վերջին 10 օրում Հայաստանում դիտվել է սուր շնչառական վարակների աշխուժացում՝ պայմանավորված գրիպի Ա եւ Բ տեսակներով եւ շնչառական վարակների այլ հարուցիչներով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանում հիմնականում շրջանառվում են ռինովիրուսներ, ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, մետապնեւմովիրուսներ, եզակի դեպքերում՝ գրիպի Բ տեսակը: Բոլոր հարուցիչներն առաջացնում են շնչառական միեւնույն ախտանշանները եւ տարածվում են օդակաթիլային ճանապարհով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ եվրոպական տարածաշրջանի երկրներում սեզոնայնությամբ պայմանավորված դեռեւս արձանագրվում է գրիպի եւ սուր շնչառական վարակներով հիվանդացություն:
Գրիպից եւ դրա բարդություններից խուսափելու նպատակով եւ հաշվի առնելով, որ սուր շնչառական վարակների սեզոնը դեռեւս շարունակվում է՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել գրիպանման երեւույթներով հիվանդների հետ շփումից, չզբաղվել ինքնաբուժմամբ, առանց բժշկի ցուցումի չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, հագնվել եղանակին համահունչ, հետեւել անձնական հիգիենային՝ հաճախակի լվանալով ձեռքերը տաք ջրով եւ օճառով, օգտագործել միայն մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ: