Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է իբր հայկական կողմի իրականացրած դիվերսիան
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ փետրվարի 24-ի լույս 25 գիշերը Արցախ-Ադրբեջան շփման գծի հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով ադրբեջանական զինուժի իրականացրած դիվերսիոն գործողությունները վերագրելով հայկական կողմին:
Հայտարարության մեջ դատապարտվում է հայկական կողմի` իբրև ծանր հրետանու կիրառմամբ ադրբեջանական դիրքերի վրա իրականացրած հարձակումը:
Թուրքիան ցավակցություն է հայտնել բախման հետևանքով սպանված ադրբեջանցի զինծառայողների համար, վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթել՝ միաժամանակ Հայաստանին կոչ անելով պահպանել հրադադարի ռեժիմը:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Թուրքիան, որպես ԵԱՀԿ անդամ երկիր, աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում խնդրի լուծման ջանքերին:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ին և 04:00-ին, հակառակորդը համապատասխանաբար շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, հատուկ տեխնիկայի կիրառմամբ անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունենալով, անհաջող կերպով փորձել է իր արարքները վերագրել արցախյան կողմին:
Արցախի պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:
Ադրբեջանական կողմն ունի առնվազն 7 զոհ, որոնցից 5-ի մարմինները չեզոք գոտում են:
Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրապարակել է փետրվարի 25-ին՝ Մարտունու ուղղությամբ հայկական դիրքերի վրա ադրբեջանական դիվերսիայի կանխման տեսանյութը:
Աղբյուր` Ermenihaber.am