Աշխարհի, Եվրոպայի չեմպիոնները եւ աշակերտական օլիմպիադայի հաղթողները կսովորեն անվճար
Հանրապետական ընդունող հանձնաժողովը գումարել է իր երկրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Օրակարգում ընդգրկված էր չորս հարց՝ միասնական եւ ներբուհական քննությունների նախնական արդյունքների ներկայացում եւ քննարկում, հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական վկայականի /ատեստատի/ ներկայացման հարցի քննարկում, 105-108 կետերի արտոնություններից օգտվող դիմորդների նախնական ցուցակի ներկայացում եւ այլ ընթացիկ հարցեր: Հիմնական զեկույցով հանդես է եկել հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, ՀՀ ԿԳՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, ով, անդրադառնալով օրակարգի առաջին հարցին, տեղեկացրել է, որ միասնական քննություննրի առաջին փուլի նախնական արդյունքներով՝ առկա են անվճար ուսուցման որոշակի թափուր տեղեր:
Պատասխանատու քարտուղարը միաժամանակ ընդգծել է, որ քննության արդյունքներով առկա է 63 դիմորդ, ովքեր նույն միավորներով անցնում են վճարովի համակարգ, եւ եթե վերջիններիս համար լրացուցիչ անվճար տեղեր չսահմանվեն, ապա կաշխատեն ընդունելության կարգի չափանիշները: Նշված հարցիշուրջ նախարար Արմեն Աշոտյանը հայտնել է իր տեսակետը, համաձայն որի՝ նախարարությունը պարտավորված չէ կիսաանցողիկ միավորներով ապահովել համապատասխան տեղեր, եւ կարգը նախատեսում է այլ ընթացակարգ, սակայն հաշվի առնելով այս խնդրի շուրջ հանրային բուռն քննարկումները եւ երբեմն նաեւ շահարկումները՝ առաջարկել է թափուր մնացած տեղերի մի մասը հատկացնել նույն գնահատականներով վճարովի համակարդ անցնող 63 դիմորդին: Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ նախարարություն են դիմել աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ, աշակերտական օլիմպիադայի հաղթողներ, որոնց եւս պետք է տրամադրվի անվճար ուսուցման հնարավորություն:
“Մենք ունենք ազգային փոքրամասնություններին աջակցելու բարի ավանդույթ, եւ հանձնաժողովին առաջարկում եմ համայնքների կողմից ստացված մեկական դիմում-խնդրանք բավարարել՝ անվճար համակարգում սովորելու: Նշված բոլոր տեղերը լրացնելուց հետո միայն նոր հանձնաժողովը կքննարկի պետության համար գերակա հանդիսացող՝ արվեստի բուհերում պետպատվերի տեղերն ավելացնելու խնդիրը”, – նշել է նախարարը: Օրակարգի երկրորդ հարցի շուրջ հանրապետական ընդունող հանձնաժողովը որոշում է կայացրել մինչեւ հունիս 11-ը, ժամը 1600-ն երկարաձգել բուհերի դիմորդների ավարտական վկայականի /ատեստատի/ ընդունման վերջնաժամկետը: Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացրել է, որ նշված ժամկետից ուշատեստատ ներկայացրած դիմորդները կզրկվեն մրցույթին մասնակցելու հնարավորությունից: Օրակարգի երրորդ հարցի շուրջ պատասխանատու քարտուղարը տեղեկացրել է, որ այս տարվա դիմորդներից որոշակի արտոնություններից օգտվելու է թվով 200 հոգի, որից 20-ը՝ Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ եւ աշակերտական օլիմպիադայի հաղթողներ, մնացած մասը տարբեր սոցիալական եւ հաշմանդամություն ունեցող խմբերի ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ ընթացիկ այլ հարցեր: