Հուլիսի 4-ից 10-ը տարածաշրջանում 4 երկրաշարժ է գրանցվել
Ս.թ. հուլիսի 4-ից մինչեւ 10-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Տարածաշրջանում. 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ, որից 1-ը (3 բալ ուժգնությամբ) Թուրքիայի Վանի երկրաշարժի հետցնցումն է:
Հուլիսի 6-ին Ադրբեջան (Նախիջեւան)-Իրան սահմանային գոտում տեղի է ունեցել 3-4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում, որի էպիկենտրոնը գտնվում էր Շարուր քաղաքից 8 կմ դեպի հարավ-արեւմուտք: Հաջորդ օրը 4-5 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Ադրբեջանի Աղդաշ քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արեւելք: Հուլիսի 10-ին նույն ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրան-Ադրբեջան (Նախիջեւան) սահմանային գոտում` Նախիջեւան քաղաքից 27 կմ դեպի հարավ-արեւմուտք:
Տարածաշրջանից դուրս. 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է 4 երկրաշարժ: Դրանցից 3-ը տեղի են ունեցել Պապուա Նոր Գվինեայի տարածքում` հուլիսի 4-ին 6.0 մագնիտուդով Պապուա Նոր Գվինեայի արեւելյան հատվածում, հուլիսի 7-ին 7.3 մագնիտուդով Նոր Իռլանդիա կղզուց (Բիսմարկի արշիպելագ) դեպի արեւելք, եւ 2 ժամ անց 6.6 մագնիտուդով Նոր Բրիտանիա կղզու տարածքում: Հուլիսի 6-ին Ինդոնեզիայի արեւմտյան ափամերձ գոտում տեղի է ունեցել 6.0 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:
“ՍՊԾ” գործակալություն