Ռումինիայի էկոնոմիկայի ազգությամբ հայ նախարարը ժամանակին մերժել է Տեր-Պետրոսյանին /վիդեո/
Այսօր Երևանում կայացած հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստին Ռումինիայի պատվիրակությունը ղեկավարում էր Ռումինիայի էկոնոմիկայի նախարար ազգությամբ հայ Վարուժան Ոսկանյանը:
Լրագրողների հետ զրույցում նա պատմեց, որ իր հոր ծնողները ծնվել են Շապին-Գարահիսարում:
”Մենք բոլորս ցեղասպանության վերապրողներն ու ժառանգորդներն ենք”,-նշեց նա:
”Հոս Հայաստանը մի ձևով հարազատ չունիմ, ուրիշ ձևով` բոլորը հարազատներս են”,-ասաց նա:
Նախարարը բավական լավ էր խոսում հայերեն: Հարցին, թե ինչպես է այդքան լավ պահպանել լեզուն, պատասխանեց. ”Մեր տան մեջ միայն հայերեն էինք խոսում”: Նա հավելեց, որ մեծացել է Ռումինիայում և քանի որ այն ժամանակ հայկական դպրոց չկար, առաջին դպրոցը`նախակրթարանը տունն է եղել:
Հայաստան առաջին անգամ Վարուժան Ոսկանյանը եկել է 1991 թվականին: Այդ ժամանակ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկել է պատվո հյուպատոսը դառնալ Հայաստանի, սակայն նա մերժել է: ”Ես ասացի ու մնացի Հայաստանի դեսպանն ամբողջ աշխարհի մեջ”,-ասում է նախարարը:
Իսկ հայ, թե ռումինացի է իրեն համարում, և այս երկու երկների մեջ որ ոլորտներում է փոխհամագործակցության ուղիներ տեսնում Վարուժան Ոսկանյանը, դիտեք` տեսանյութում: