25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զգուշացնում եմ բոլորիդ, որ նման փորձերն ուղղակի պատժվելու են

«Մենք արդեն մուտք ենք գործել Ազգային ժողովի ընտրությունների փուլ:
Այո՛, նախընտրական շրջանում մեր երկրում տեղի են ունենալու սուր բանավեճեր, երբեմն կարող են հնչել նաև չափազանցված և բորբոքված ելույթներ: Իհարկե, կլսեք խոստումներ, որոնք երբեք չեն իրականանալու: Վստահ եմ, որ ձեզնից շատ-շատերը գիտեն և լսել են հայտնի արտահայտությունը, որ ամենամեծ ստերը հնչում են ընտրություններից առաջ և որսից հետո, բայց կարևորը դա չէ, կարևորը այն է, որ մենք նախորդ տարիների փորձից գիտենք, որ Ադրբեջանը նման դեպքերում սովորաբար աշխուժացնում է իր հակահայկական ձեռնարկները միջազգային կազմակերպություններում, երբեմն նաև փորձում է սադրանքների դիմել առաջնագծում: Նրանց կողմից նման վարքի որոշ ախտորոշումներ արդեն նկատելի են»,- այսօր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է Հանրապետության Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:

Շարունակելով նախագահը նշել է. «Առաջին հերթին ցանկանում եմ ընդգծել, որ լիովին համոզված եմ Հայաստանի քաղաքական համակարգի կայունության մեջ: Որքան էլ սուր քննարկումներ տեղի ունենան, դրանք չեն խաթարելու մեր հանրային անդորրը: Նման սուր քննարկումներն ու բանավեճերը գալու են վկայելու մեր ուժը՝ Հայաստանի հասարակության ինքնակազմակերպման բարձր աստիճանը և որակը:

Հատուկ շեշտում եմ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապակուսակցական են և ապաքաղաքական: Այո՛, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գլխավորում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակը: Սակայն նախընտրական քարոզչության և իր պաշտոնական լիազորությունների իրականացման որևէ խաչաձևում չի լինելու:

Միջկուսակցական քննարկումներ բանակում չեն լինելու և մենք էլ չենք մտցնելու: Ավելին, զգուշացնում եմ բոլորիդ, որ նման փորձերն ուղղակի պատժվելու են:

Մենք՝ որպես պետություն, ունակ ենք կազմակերպելու և անցկացնելու այնպիսի ընտրություններ, որոնք վայելելու են մեր հասարակության, մեր ժողովրդի վստահությունը: Ավելին, վստահ եմ, որ հենց այդպիսի արդյունքներ են արձանագրելու հրավիրված միջազգային կազմակերպությունների դիտորդ ներկայացուցիչները:

Ադրբեջանում ոմանք պատրանքներ ունեն, թե իբր ընտրությունների վրա կենտրոնացած Հայաստանը լինելու է շատ զբաղված, հետևաբար և իրենց կարճ խելքով՝ խոցելի: Հենց այդ պատճառով ձեզնից այս ժամանակահատվածում ակնկալում եմ առավելագույն զգուշություն:

Վստահ եմ, որ մեր զինվորականները՝ շարքայինից մինչև ամենաբարձրաստիճան սպան, գալիք խորհրդարանական ընտրությունների շրջանում լինելու են զգոն ու աչալուրջ, պատրաստ կանխելու հակառակորդի յուրաքանչյուր դավադիր ծրագիր»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ