Դիման ուրիշ տեսակ մարդ է. ԱՍԱԼԱ-ի մարտիկը կարոտում է ընկերոջը
«Իր բոլոր խնդիրները մի կողմ թողած՝ բոլորին հասնում է: Նվիրված մարդ է ու հայ: Ես զարմանում եմ իր էներգիայի վրա ու ցավում , որ Հայաստանում չէ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ընկերոջը՝ Դմիտրի Մարտիրոսյանին այսպես նկարագրեց ԱՍԱԼԱ-ի «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը:
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 16-ին քաղաքական վերլուծաբան, ազատամարտիկ, «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի անդամ Դմիտրի Մարտիրոսյանը տոնում է իր ծննդյան 60 ամյակը:
Հասարակական-քաղաքական գործիչը տարբեր պաշտոններ է զբաղեցրել ու բոլոր գործընկերներն ու ընկերները սիրով են հիշում նրան:
Դմիտրի Մարտիրոսյանը այժմ Հայաստանում չէ: Ապրիլյան պատերազմին մասնակցելուց հետո նա բնակվում է ԱՄՆ-ում:
«Կարծում եմ, որ Դիման չի կարող երկար մնալ ԱՄՆ-ում: Նա շուտով հաստատ կգա: Ես սպասում եմ, որ հանդիպենք Հայաստանում: Վերջին շրջանում էր՝ միասին Արցախ գնացինք: Նա ուզեց գնալ Քարվաճառ՝ կարևոր մի ընկերոջ հանդիպելու համար: Տաքսի վերցրեց ու բավականին լուրջ գումար ծախսեց օրը ընկերոջ հետ կիսելու համար: Հաջորդ օրերին «տխուր» վիճակ էր, որովհետև տրանսպորտի գումար էլ չուներ, բայց ինքը ուրախ էր ու հպարտ»,-պատմեց Սիսլյանը:
Գլխավոր լուսանկարում՝ Դմիտրի Մարտիրոսյան
Լուսանկարում՝ Վազգեն Սիսլյան