09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

800 հազար ԱՄՆ դոլարի երաշխիք է պահանջե՞լ ՀՖՖ-ն. բաց նամակ Յուրի Վարդանյանին

Նորաստեղծ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը, բաց նամակ ուղարկել ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին: Հայտնի է, որ ՀՖՖ-ն թույլ չի տալիս «Ուրարտուին» մասնակցել Հայաստանի առաջին խմբի խաղարկությանը` պահանջելով մոտ 800 հազար ԱՄՆ դոլարի երաշխիք.

Բաց նամակ՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին

«2012-թ հոկտեմբերից մոսկվայաբնակ Արթուր Ոսկանյանի կողմից ստեղծվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը, որը գրանցված է ՀՀ պետռեգիստրում 2012թ. դեկտեմբերի 10-ից:

2013թ հունվարի 17-ին, “Ուրարտու” Ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը դիմել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիային` ղեկավարվելով ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ Կանոնակարգերի հիմնական սկզբունքներով, “Ուրարտու” Ֆուտբոլային ակումբը գրանցել՝ որպես ՀՖՖ ֆուտբոլային ակումբ և թույլ տալ մասնակցել Հայաստանի 2013-2014 թթ. Գավաթի խաղարկությանը և Առաջին խմբի առաջնությանը:

Ցավոք, «Ուրարտուն» մինչ օրս գրանցված չէ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայում և իրավունք չի ստանում մասնակցելու Հայաստանի Առաջին խմբի 2013/14թթ. առաջնությունը:

Պատճառը՝ ըստ ՀՖՖ-ի, հունվարի 16-ին ՀՖՖ գործկոմի կայացրած որոշումն է, ըստ որի՝ նորաբաց ակումբը պարտավոր է 320.000.000 (երեք հարյուր քսան միլիոն) դրամի երաշխիք ներկայացնել ՀՖՖ-ին, որից 80.000.000 դրամը պետք է դեպոնացվի ՀՖՖ հաշվեհամարին, և ենթական է վերադարձման միայն ակումբի՝ 3 խաղաշրջաններում անընդմեջ մասնակցությունից հետո:

Ավելին, “Ուրարտու” Ֆուտբոլային ակումբի նամակներից միայն մեկն է արժանացել ՀՖՖ ի պաշտոնական պատասխանին: Սա այն դեպքում, երբ այսօր Հայաստանի Բարձրագույն խմբին մասնակցում է ընդամենը 8 թիմ, մինչդեռ Առաջին խմբի առաջնությանը մասնակցում են բացառապես Բարձրագույն խմբի դուստր թիմեր:

Համաձայնեք, որ նորաստեղծ ակումբից շուրջ 800 հազար ԱՄՆ դոլարի երաշխիք պահանջելը՝ խելամիտ որոշում չէ: Նույնիսկ Բարձրագույն խմբում հանդես եկող շատ ակումբներ՝ իրենց չեն կարող թույլ տալ նման ճոխություն:

Մինչև 2013թ-ի հուլիս ամիսը, «Ուրարտուն» 26 ստուգողական հանդիպում է անցկացրել տարբեր ներուժի տեր մրցակիցների հետ: Ակումբի ադմինիստրացիան բաղկացած է 16 աշխատակիցներից, ֆուտբոլիստների անձնակազմը՝ 28 հոգուց:

“Ուրարտուի” նկատմամբ այսպիսի արհամարհական վերաբերմունքն աստիճանաբար դժգոհության ալիք է բարձրացնում հայ ֆուտբոլասերների շրջանում, քանի որ Հայաստանում ակումբային ֆուտբոլի վարկանիշը զգալիորեն ընկել է, և ներդրումներ կատարելու անհրաժեշտություն կա: Փաստ է, որ “Ուրարտուն” հայկական սփյուռքի կողմից հիմնած թիմ է, և այն աստիճանաբար կարող է միավորել հատկապես Ռուսաստանում բնակվող հայ մարզասերների ուժերը և ժամանակի ընթացքում հանգել նոր մակարդակի:

ՀՖՖ-ի նման անհասկանալի վերաբերմունքը տեսնելով, հետզհետե հասկանում ենք, թե ինչու են աշխարհի տարբեր ծայրամասերում գործունեություն ծավալած հայ գործարարները խուսափում հայկական ֆուտբոլում ներդրումներ կատարելուց: «Ուրարտուի» դեպքը կարող է լիովին փոխել իրավիճակը, հույս ներշնչել մեր հայրենակիցների շրջանում առ այն, որ Հայաստանում չկան արհեստական խոչընդոտներ` ֆուտբոլում ներդրումներ կատարելու և Հայաստանի ֆուտբոլային վարկանիշը բարձրացնելու գործում:

Պարոն նախախար, խնդրում ենք, որպեսզի Դուք՝ որպես լեգենդար մարզիկ, որպես հայկական սպորտի ղեկավար, ևս ուշադրություն դարձնեք Հայաստանում ամենամեծ մասսայականությունը վայելող մարզաձևում առկա իրավիճակին”:

“Ուրարտու” Ֆուտբոլային ակումբի նախագահ`
Արթուր Ոսկանյան
“Ուրարտու” ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն`
Արտակ Մելիքյան

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ