ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեցին հայ-ամերիկյան սերտ գործընկերությունը
Հուլիսի 2-ին ԱՄՆ դեսպանատունը նշեց Միացյալ Նահանգների անկախության 237-րդ տարեդարձը: ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեցին հայ-ամերիկյան սերտ գործընկերությունը:
Իր ողջույնի խոսքում դեսպան Հեֆերնը նշեց, որ տարին նշանավորվում է “հայ-ամերիկյան ամուր կապերի պահպանմամբ”: “Բարձր մակարդակում կանոնավոր կերպով ապահովվել է քաղաքական եւ դիվանագիտական երկխոսությունը”, -ասաց դեսպան Հեֆերնը, ապա նշեց, որ պետքարտուղար Քերրին անցյալ ամիս Վաշինգթոնում ընդունել է արտգործնախարար Նալբանդյանին ու գոհ է մնացել նրա հետ ունեցած բովանդակալի հանդիպումից:
Դեսպանը նաեւ հավելեց. “Մեր հիմնական գերակայությունը տնտեսական կապերի խորացումն է առեւտրի ու ներդրումների ծավալների մեծացման ու գործարար միջավայրի բարելավման միջոցով: Մենք աշխատում ենք, մեր ժողովուրդների միջեւ առկա կապերի վրա հիմնվելով, ձեւավորել փոխշահավետ տնտեսական հնարավորություններ”: Նա ողջունեց ԱՄՆ դեսպանության հետ աշխատող տարբեր կազմակերպություններին, անհատներին, խմբերին ու քաջալերեց, որ նրանք աշխատեն նաեւ միմյանց հետ:
Միջոցառման ժամանակ Երեւանում ԱՄՆ դեսպանատանն առաջին անգամ ներկայացվեց ամերիկյան քանթրի երաժշտություն: Հայկական “Իմեջին բենդը” ամբողջ երեկոյի ընթացքում հնչեցրեց տարբեր երգեր՝ ամերիկյան քանթրի ոճով, իսկ “Նանե” պարային ստուդիան ներկայացրեց քանթրի խմբապար:
Անկախության օրը նշանավորում է Միացյալ Նահանգների ծննդյան օրը եւ Անկախության հռչակագրի ընդունումը, որ տեղի ունեցավ 1776թ. հուլիսի 4-ին: