12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀ Նախագահը եւ ՄԻԵԴ նախագահը մտքեր են փոխանակել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ընթացքի մասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանին:

Սերժ Սարգսյանը ողջունել է ՄԻԵԴ նախագահի այցը մեր երկիր, հատկապես երբ այն կայանում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցող կարեւոր միջոցառումներից մեկի՝ “Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում” թեմայով խորհրդաժողովի կապակցությամբ:

Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանն այսօր ԵԽ ակտիվ անդամներից է, մասնակցում է կազմակերպության աշխատանքներին բոլոր մակարդակներում՝ իր ներդրումը բերելով կազմակերպությունում ընթացող գործընթացներին եւ համաեվրոպական օրակարգային հարցերի ձեւավորմանն ու մեր երկրի համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն է ԵԽ անդամակցությունից 12 տարի անց ստանձնել կազմակերպության նախագահությունը:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՄԻԵԴ դերը ԵԽ անդամ երկրներում բնակվող շուրջ 800 միլիոն մարդկանց իրավունքների պաշտպանության գործում:

Ընդգծելով, որ Եվրոպայի Խորհրդի անդամ երկրները տարբեր են իրենց պատմությամբ եւ ներկայով, սակայն միավորված են ընդհանուր արժեքներով, Նախագահը նշել է, որ Հայաստանի ցանկությունն է, որպեսզի Եվրոպական դատարանը լինի հնարավորինս արդյունավետ աշխատող կառույց: Այս առումով, ըստ Հանրապետության Նախագահի, Հայաստանն ամբողջապես աջակցել եւ աջակցում է բոլոր այն գործընթացներին ու բարեփոխումներին, որոնց նպատակը Դատարանի արդյունավետության բարձրացումն է:

Նշելով, որ առաջին անգամ է այցելում Հայաստան, ՄԻԵԴ նախագահ Դին Շպիլմանը ուրախությամբ է փաստել, որ դա տեղի է ունենում ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում: Նա գոհունակությամբ է խոսել այցի շրջանակներում ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ ունեցած արդյունավետ քննարկումների մասին:

Հանդիպմանը ՀՀ Նախագահը եւ ՄԻԵԴ նախագահը մտքեր են փոխանակել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ընթացքի, եվրոպական կառույցների հետ մեր երկրի համագործակցության եւ բարեփոխումների իրականացման գործում ցուցաբերվող աջակցության կարեւորության, ինչպես նաեւ ՄԻԵԴ ընթացիկ գործունեության մասին:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ