Խայտառակություն, ցինիզմ, լկտիություն. Լապշինի հարցը՝ խորհրդարանում
Ազգային ժողովի այսօրվա նիստի մեկնարկին պատգամավորներն անդրադաձան հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին շուրջ երկու ամիս անազատության մեջ պահելուց հետո՝ փետրվարի 7-ին, Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնելուն: Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ սա սովորական դեպք չէ, և ԱԺ-ն որպես թիվ մեկ քաղաքական մարմին՝ իր դիրքորոշումը այստեղ պիտի հայտնի: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ինքը, որպես հայ-բելառուսական հանձնաժողովի նախագահ, պաշտոնապես հայտարարել է, որ սա խայտառակ քայլ է, որը չի բխում ԼՂ հարցի խաղաղ կարգավորման տեսանկյունից: «Սա ՌԴ-ի, ԼՂՀ հարցի կարգավորման և ՀՀ-ի դեմ է, և ժողովրդավարական արժեքների դեմ է, սա խայտառակություն և կեղտոտ գործարք»,-ասաց նա:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Լապշինին Ադրբեջանին է արտահանձնել ՀԱՊԿ-ը և ԵՏՄ-ն այն բանի համար, որ նա «Արցախ է այցելել և պոզիտիվ արտահայտվել»: «Սա քաղաքական նշանակության հարց է և համարժեք է Բուլղարիայի կողմից մարդասպան Սաֆարովին արտահաձնելուն: Կոչ եմ անում այսօր ժամը 15:00-ին լինել Բելառուսի դեսպանատան դիմաց՝ մեր կոշտ դիրքորոշումն արտահատելու համար»,-ասաց նա և նշեց, որ ՀՀ ԱԳՆ պետք է հետ կանչի Բելառուսիայում ՀՀ դեսպանին և կոշտ միջոցներ ձեռնարկի:
ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց, որ ուղերձն ուղղված է մշակույթի և քաղաքական գործիչներին, որպեսզի Արցախ չայցելեն: «Բայց անգամ Ստալինի նման բռնապետին չի հաջողվել ստիպել անել այնպես, ինչպես ինքն է ցանկանում, և դա չի հաջողվելու ո՛չ Բելառուսին, ոչ էլ Ադրբեջանին: ՀԱՊԿ, ԵՏՄ կառույցում Բելառուսը որպես պետություն սկսում է արժեզրկվել»,-ասաց նա: ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը նշեց, որ սա ուղղակիորեն հարված է ՀԱՊԿ ամբողջ համակարգին և ստվերում է այն ջանքերը, որ փորձում են իրականացնել: «Կոչ եմ անում մասնակցել ակցիային, բայց հիշեք, որ ՀՀ ունի մեկ ռազմավարական գործընկեր, դա ՌԴ-ն է, փաստենք»:
ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը նշեց, որ ՀՀ բոլոր մակարդակներով պետք է պայքարել այս երևույթի դեմ: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ նկատեց, որ սա աննախադեպ լկտիություն և ցինզիմ է: «Այստեղ ամենամեծ անելիքն ունի ՀՀ-ն, եթե իրեն համարում է արժանապատիվ պետություն: Ես կողմ կլինեմ՝ սառենցնենք անդամությունը ՀԱՊԿ-ում, մինչև խնդրին տրվի իրավական կարգավորում»,-ասաց նա: ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, թե մեխանիզմներ կան՝ կարող են դիմել Բելառուսին, որ հեռացնեն ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից, կամ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս գա, կամ էլ հետ կանչեն Տիգրան Սարգսյանին, Կարինե Միանսյանին: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ ինստիտուցիոնալ պետք է գործել և առաջարկեց, որ արտահերթ լսումներ կազմակեպեն և հրավիրել ԱԳ, Պաշտպանության նախարարներին և համապատասխան ինստիտուտների ներկայցուցիչների հետ մի խումբ հարցեր քննարկեն:
ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանն ավելացրեց, որ մենք այն պետությունների հետ պիտի աշխատենք, որի քաղաքացի է հանդիսանում Ալ. Լապշինը: «Ինչ վերաբերում է միանգամից կոշտ քայլերին, ՀԱՊԿ-ից դուրս գալ և այլն, դա իռացիոնալ քայլ կլինի ու մենք միանգամից կներքաշվենք մի խնդրի մեջ, որը մերը չէ»,-շեշտեց պատգամավորը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ միացավ բոլորի կարծիքներին ու նկատեց, որ ԵԽԽՎ վերջին ձմեռային նստաշրջանի ժամանակ հայկական պատվիրակությունը մի շարք առիթներով օգտագործել ու հնչեցրել է խնդիրը:
«Այս խնդիրները բարձրացրել ենք նաև Բելառուսի ընդդիմության ու իշխանության ներկայությամբ»,-ասաց նա: «Արտաքին դիվանագիտությունն ու խորհրդարանական դիվանագիտությունը պիտի իմի բերեն ջանքերն, ու հետամուտ լինենք այս խնդրի քաղաքական գնահատականն ստանալու համար»,-շեշտեց նա: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ սա առաջին դեպքը չէ, երբ Բելառուսի կողմից Ադրբեջանի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք են նկատում:
«Սա մարդու իրավունքների բացարձակ ոտնահարում է: Մենք չպիտի հարց բարձրացնենք, որ Հայաստանը լքի ՀԱՊԿ անդամակցությունը, մենք պիտի հարց բարձրացնենք, որ Բելառուսը լքի ՀԱՊԿ-ը»: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այլ առաջարկ արեց. «Գործնական կլինի, կարծում եմ, որ Ազգային ժողովը հանդես գա հայտարարությամբ: Հանձնարարենք արտռաքին հարաբերությունների հանձնաժողովին պատրաստել տեքստ, որը վաղը կքվեարկենք»:
«Ժառանգության» պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հավելեց, որ ավելի շատ մարդիկ պիտի գան Հայաստան: Նա տեղեկացրեց՝ առավոտյալ խոսել է ռուս հայտնի լրագրողներից մեկի հետ, ու իրենք պատրաստ են գալ Ղարաբաղ: «Իսկ Ադրբեջանը պիտի իսկապես զղջա իր այս քայլի համար»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ ասաց, որ ավելի շուրջ քայլեր են պետք, քան թե Ազգային ժողովի հայտարարությունը: