Փետրվարի 11-ին ամենը` երիտասարդների համար
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մեկնարկել է Երիտասարդների և սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նվիրված փառատոնը: Այս գեղեցիկ նախաձեռնության շրջանակում` ս. թ. փետրվարի 1-ից ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող թատրոնների բեմերում /մայրաքաղաքի և ՀՀ մարզերի/ ընթանում են տոնին նվիրված ներկայացումներ:
Հանրապետության ստեղծագործական խմբերի մասնակցությամբ համերգային ծրագրեր կիրականացվեն մայրաքաղաքի 6 բացօթյա հարթակներում. փետրվարի 10-ին և 11-ին, ժամը 14:00- ին` Շառլ Ազնավուրի հրապարակում և ժամը 15:00-ին` Հյուսիսային պողոտայում, փետրվարի 11-ին, ժամը 12:00-ին` Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում, ժամը 13:00-ին «Երիտասարդական» մետրոյի հարևանությամբ` Ա. Իսահակյանի արձանի հարակից այգում, ժամը 14:00-ին Խաչքարերի պուրակում` Գ. Նժդեհի արձանի հարակից տարածքում և ժամը 17:00-ին` Ազատության հրապարակում: Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում մեկնարկել է երիտասարդ նկարիչների մրցույթը, որը կշարունակվի մինչև փետրվարի 11-ը: