“Հարսնաքար”-ի պահակը սուրճ է խմել, դեպքի մասին հաջորդ օրն է իմացել /վիդեո/
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Հարսնաքարի գործով դատաքննությունը:
Ըստ մեղադրանքի, Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի եւ Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Չնայած դատարանը լսել է վկաներին եւ ամբաստանյալներին, սակայն տուժողների շահերի պաշտպանողները կողմը միջնորդեց լրացուցիչ դատակոչել երկու կարեւոր վկայի:
Առաջին վկան Խաչատուր Սարգսյանը աշխատում է “Հարսնաքար” ռեստորանային համալիրում որպես պահակ: Նա ասաց, որ բոլոր ամբաստանյալներին ճանաչում է: Միջադեպի օրը ինքը շրջիկ պահակ էր: Ոչինչ չի տեսել: Մի մեքենա է նկատել, խնդրել է հանել տարածքից: “Հետո գնացի սուրճ խմելու, հաջորդ օրը իմացա դեպքի մասին”,-ասաց վկան:
Նրա ցուցմունքի ժամանակ պաշտպան Լուսինե Հակոբյանը առարկեց եւ ասաց, որ հարցերը չեն առնչվում գործին: Ամբաստանյալների մյուս պաշտպանները նույնպես առարկեցին: “Պահակը ինչ իմանա ով է անվտանգության աշխատակից, ով ա մշտական կամ պայմանագրով”,-ասացին նրանք: Դատավորը հորդորեց հարցերի շրջանակը փոխել:
Միաժամանակ, վկան ասաց, որ դեպքի օրը տեսել է Ռուբեն Հայրապետյանին ռեստորանում: Վերջինս իր մեքենայով եկել է, եւ գնացել: Համալիրի պահակը նաեւ դժվարացավ ասել, ռեստորանում կա տեսախցիկներ կամ այլ սարքավորումներ:
Մանրամասները տեսանյութում: