Մեդալների ակնկալիքով
Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում հունիսի 6-17-ը տեղի կունենա Համաշխարհային 27-րդ ունիվերսիադան, որին կմասնակցի նաեւ Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակությունը, որի անդամներին այսօր ընդունել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար, Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը:
Ողջունելով ուսանող-մարզիկներին՝ նախարարը նշել է, որ Հայաստանի այս տարվա պատվիրակությունն աննախադեպ է՝ թե իր քանակով, եւ թե որակով: “Ես ուրախ եմ, որ այս տարի մեր հավաքականը կներկայացնեն ինչպես հայկական սպորտի արդեն հայտնի, այնպես էլ ծագող աստղեր: Ես համոզված եմ, որ մեր հավաքականը ջանք չի խնայի՝ պատվով հանդես գալու եւ 160-ից ավելի երկրների շարքում Հայաստանի անունը հնչեցնելու, մեր երկրի պատիվն ու դրոշը բարձր պահելու համար: Համատեղ ուժերով հանրավոր է դարձել պետության լավագույն ուսանող մարզիկներին ներգրավել, եւ արձանագրված հաջողությունները բոլորինն են լինելու”,-նշել է նախարարը՝ հավելելով, որ ունիվերսիադայի կազմակերպման գործում նախարարությունը սերտ համագործակցել է ՀՀ պաշտպանության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների, Հայաստանի օլիմպիական կոմիտեի եւ ճյուղային ֆեդերացիաների հետ: Հայաստանի Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահի տեղակալ, ՀՀ պատվիրակության ղեկավար Ռազմիկ Ստեփանյանն իր հերթին տեղեկացրել է, որ Համաշխարհային 27-րդ ունիվերսիադային Հայաստանի մարզիկները հանդես կգան 10 մարզաձեւերում՝ ծանրամարտ, բռնցքամարտ, գոտիներով ըմբշամարտ, ձյուդո, սամբո, շախմատ, ատլետիկա, լող, հունաահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտ:
Նա ընդգծել է, որ Հայաստանի հավաքականի կազմում են բարձրակարգ մարզիկներ, այդ թվում Օլիմպիական խաղերի մրցանակակիրներ, Եվրոպայի եւ Աշխարհի առաջնության հաղթողներ, մասնավորապես, օլիմպիական խաղերի մրցանակակիրներ, հունահռոմական ոճի ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանը, ով հանդիսանում է ԵՊՀ ասպիրանտ եւ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ուսանող Արթուր Ալեքսանյանը, ինչպես նաեւ Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը: Ստեփանյանի խոսքով՝ բոլոր մարզաձեւերում ներկայացված են մարզիչներ, իսկ երեք մարզաձեւում Հայաստանը կունենա միջազգային կարգի մրցավարներ: Ըստ Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավարի՝ բոլոր մարզիկները տվյալ մարզաձեւի ազգային հավաքականի անդամներ են, իսկ թիմերի ղեկավարներ են՝ Հայաստանի ազգային հավաքականների գլխավոր մարզիչները, ինչպես նաեւ մի քանի ազգային հավաքականի նախագահներ: