Ոստիկանապետից պահանջում են պատժել
Երեկ՝ հունիսի 30-ին Գյումրիում Գյումրի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների մեկնարկի ժամանակ միջադեպ է գրանցել, որի ժամանակ ստացված լուրերի համաձայն՝ֆիզիկական ուժ և բռնություն է կիրառվել արվեստաբան Լևոն Մութաֆյանի նկատմամբ:Այդ առնչությամբ “Շիրակ” միջազգային հայրենակցական բարեգործական միությունը հանդես է եկել հայտարարությամբ.
Հունիսի 30-ին, Գյումրիում, Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակվելու միջոցառումների հանդիսավոր մեկնարկի արարողության ժամանակ, առողջական խնդիրներ ունենալու պատճառով, մեր պատվիրակության անդամ՝ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության քարտուղար, ՀՀ արվեստի վաստակավոր գոծիչ,”Շիրակ”միության վարչության անդամ նշանավոր թատերագետ ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ ստիպված էր մի քանի րոպեով հեռանալ հյուրերի համար նախատեսված վայրից:
Վերադառնալ, սակայն, նրան չհաջողվեց, որովհետ ոստիկանության մեկ մայոր և կապիտան, գերազանցելով իրենց լիազորությունները, ցուցաբերելով ոստիկանին անհարիր պահվածք, լկտիաբար և ցինիկ կերպով ոչ միայն արգելեցին նշանավոր մտավորականի վերադարձը հանդիսության վայր, այլև նրա նկատմամբ կիրառեցին ֆիզիկական ուժ, ստորացրեցին հասարակության առջև նրան, թևերից բռնելով քարշ տվեցին ինչ-որ մեքենայի մեջ և հաշվի չառնելով այն հանգամանքը, որ շաքարային դիաբետ ունեցող մարդու մոտ տվյալ պահին առաջացել են լուրջ առողջական խնդիրներ, սկսեցին կիրառել նվաստացնող և ֆիզիկական ցավ պատճառող գործողություններ:
“Շիրակ” միությունը դատապարտում է ոստիկանների անբարո վարքագիծը, իշխանության գերազանցումը և պահանջում ՀՀ Ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանից՝ անհապաղ նշանակել ծառայողական քննություն, բացահայտել մայորին և կապիտանին և պատիժ կիրառել նրանց նկատմամբ: Ոստիկանության հանդուժողությունը, կատարվածն անպատիժ թողնելը խստորեն կդատապարտվի մեր կողմից: