Ներիշխանական ”ռազբորկա”

”Բացարձակ որևէ հույս չունեմ: Նախ առաջին հերթին Սամվել Նիկոյանը դեռ 2010 թվականին օրենքի նախագիծ էր առաջարկել, որ ընդունվեց ԱԺ-ի կողմից, որ ՎՊ-ն եթե ստուգումներ է իրականացնում, խախտումներ է արձանագրում, հաշվետվություն է կազմում, եթե կան կասկածներ, որ դրանք իրավական բնույթի արարքներ են, ինքն անմիջապես պետք է հանցագործության մասին հաղորդում ներկայացնի, նյութերն ուղարկի դատախազություն ու քրեական գործ բացվի: Դա տեղի չի ունեցել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգություն” կուսակցության վարչության փոխնախագահ, ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն հայտարարությունը, թե Վերահսկիչ պալատի հաշվետվությունը լուրջ հետևանքներ է ունենալու:
Մարտիրոսյանի խոսքով` եթե ընդդիմությունն այդ խնդիրը տեսնում է, ուրեմն պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, նոր կառավարություն նշանակի, ընդդիմությանը վերահսկողական մեխանիզմներ տրամադրի:
”Բայց տեսանք, որ ամեն մեկն իր հերթին մյուսներին ”խփեց”, ներիշխանական ”ռազբորկա” էր թևերի միջև, թե ով է այս պահին փորձելու ավելի ուժեղանալ”,-նշեց նա:
Միաժամանակ Մարտիրոսյանն ասաց, որ եթե ՎՊ-ի հաշվատվության ներկայացումը ներիշխանական հակասություններևի դրսևորում չէր, ապա շոու էր, քանի որ հաշվատվության ներկայացումից զատ բովանդակային քայլեր առ այսօր չենք տեսել: