08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչին մենք վերջերս հատուկ ուշադրություն ենք դարձնում, և դա պատահական չէ. Արթուր Բաղդասարյան

Այսօր Երևանում մեկնարկած ”ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները” թեմայով երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումում ելույթ ունեցավ 

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ով իր խոսքում մասնավորապես նշեց. ”Անցյալ տարին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համար մի կողմից հոբելյանական էր, մյուս կողմից` բավականին արգասաբեր` գործունեության շատ արդիական ու կենսական բնագավառների ուղղությամբ կատարված աշխատանքների առումով: Որպես դրա հետևանք, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2012թ. դեկտեմբերի 19-ն տեղի ունեցած նիստին ընդունվել են մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնց թվում ես կկամենայի առանձնացնել ”Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների մինչև 2020 թ ռազմական համագործակցության զարգացման հիմնական ուղղությունների մասին” ՀԱՊԿ ՀԱՔ-ի որոշումը:

ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչին մենք վերջերս հատուկ ուշադրություն ենք դարձնում, և դա պատահական չէ: ՀԱՊԿ-ի ապագան և մեր հետագա համագործակցութան արդյունավետությունը մեծապես կախված են  կազմակերպության ռազմական բաղադրիչի ամբողջական վերակազմակերպումից և կառուցվածքային փոփոխություններից, ինչպես նաև նրա ռազմական բաղադրիչների արդյունավետ, նշանակալի և ժամանակին ավելացումից:

Առաջինը. մեր հավաքական անվտանգության տարածքային սկզբունքից ելնելով` անհրաժեշտ է մշտապես ամրապնդել կազմակերպության հնարավորությունները հավաքական անվտանգության երեք տարածաշրջաններից յուրաքանչյուրում: Այս տեսանկյունից, մենք մեր ռուս դաշնակիցների հետ միասին նպատակաուղղված աշխատանք ենք իրականացնում հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում Միասնական հայ-ռուսական զորախմբերի հզորացման նպատակով: Գիտեմ, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները ևս համապատասխան աշխատանքներ են  իրականացնում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում: 

Երկրորդը, պետք է հզորացնել արդեն ստեղծված և առկա Արագ արձագանքման հավաքական ուժերի կարողությունները: Սա վերաբերում է թե այդ ուժերը անհրաժեշտ զենքով և տեխնիկայով զինելուն, թե կազմակերպական և գործունեության այլ ոլորտներին:

Երրորդը` պետք է ստեղծել Կազմակերպության ռազմական բաղադրիչի նոր կառույցներ, և այս տեսանկյունից աշխատանքները, որոնք սկսվել են ՀԱՊԿ շրջանակներում Միացյալ ավիացիոն ուժերի և Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների ստեղծման ուղղությամբ` ժամանակին են և արդիական:

Այս համատեքստում այսօրվա ֆորումի թեմա հանդիսացող ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշերը հատուկ հետաքրքրություն են ներկայացնում, և այնպիսի ռազմավարական, քաղաքական ֆորումը, ինչպիսին  այսօրվանն է, անկասկած կունենա իր օգտակարությունը:

Վերոնշյալ ուղենիշերի ձևավորման մեր տեսլականը կառուցվում է` տարածաշրջանում ՀԱՊԿ-ի շահերը և  Հարավային Կովկասում, ուր միահյուսված են շատ ուժերի շահեր, Կազմակերպության միակ անդամ Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդման գործընթացը առավելագույնս հաշվի առնելու անհրաժեշտության հիման վրա: Հետևաբար, ցանկալի է, որ այսօրվա ֆորումի ընթացքում առավելագույնս անդրադարձ կատարվի և վերլուծվեն ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշերը, այդ թվում Կովկասյան տարածաշրջանում Հավաքական անվտանգության կազմակերպության գործունեության համատեքստում: Հուսով եմ, որ այսօր մեզ կներկայացվի իրավիճակի խորը, համակարգված վերլուծություն, որտեղ հաշվի է առնված գոյություն ունեցող տարածաշրջանային սպառնալիքներն ու մարտահրավերները, ներկա փուլում մեր պետությունների, ժողովուրդների անվտանգության ապահովման առաջնային նպատակներն ու խնդիրները` հստակ նշելով գլխավոր ուղենիշերը:

Այդ առումով, ֆորումի, որտեղ ելույթ կունենան հեղինակավոր մասնագետներ և հմուտ փորձագետներ, հագեցած ծրագիրը հիմք է տալիս ակնկալել, որ բովանդակալից և շահագրգիռ աշխատանքի արդյունքում կարվեն ոչ պակաս նշանակալի ամփոփումներ: Համոզված եմ, դա թույլ կտա ևս մեկ քայլ առաջ շարժվել, խրախուսելով մեր փոխշահավետ գործընկերության զարգացումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում:

Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է ՀԱՊԿ զարգացման, նրա դերի հզորացման հարցում, և մենք իրականացնում ենք ՀԱՊԿ շրջանակներում ակտիվացման և փոխշահավետ համագործակցությունը խորացնելու քաղաքականություն բոլոր հարթություններում: ՀԱՊԿ-ում մեր երկիրը հաճախ հանդես է գալիս տարբեր նախաձեռնություններով և առաջարկներով, որոնք ուղղված են ՀԱՊԿ շրջանակներում ռազմական, ռազմատեխնիկական, քաղաքական համագործակցության ընդլայմանը, նաև այլ ուղղություններով համագործակցության խորացմանը: ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամանակաշրջանում ստեղծվեցին Արագ արձագանքման կոլեկտիվ ուժեր (ԱԱՀՈՒ): Հայաստանում բացվելու է ՀԱՊԿ ակադեմիան, որը կոչված է կարևոր դեր կատարելու ՀԱՊԿ անդամ երկրների համար` ՀԱՊԿ գործունեության ոլորտի բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման և վերապատրաստման գործում:

ՀԱՊԿ շրջանակներում մեր դաշնակցային համագործակցությանն առնչվող հարցերը գտնվում են մեր երկրների ղեկավարների մշտական ուշադրության կենտրոնում, և մենք միասին շարունակում ենք աշխատել, որպեսզի մեր ժողովուրդները ապրեն կայուն և անվտանգ աշխարհում”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ