Անկախ Ադրբեջանի ցանկությունից ԼՂՀ անկախությունը կայացած փաստ է. Է. Շարմազանով
”Անկախ Բաքվի ցանկություններից և իղձերից` Լեռնային Ղարաբաղի անկախությունը կայացած փաստ է, որն այլընտրանք չունի”: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը “Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու մտադրության մասին` ներառյալ Լեռնային Ղարաբաղը և, նույնիսկ, Հայաստանը: Որքան շուտ Ադրբեջանը հաշտվի Լեռնային Ղարաբաղի անկախության փաստի հետ, այնքան ավելի լավ նրա համար, այնքան ավելի արագ տեղի կունենա Բաքվի ադապտացումը կայացած իրողություններին՚”,-նշել է Շարմազանովը:
Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, թե ժամանակակից Հայաստանի տարածքը պատմական Ադրբեջանի մի մասն է, փոխխոսնակը ԱՀ նախագահին խորհուրդ է տվել ծանոթանալ Ստրաբոնի, Պլուտարքոսի և Պտղոմեոսի պատմական գործերին. “Կարծում եմ` այն ժամանակ Ադրբեջանի նախագահն իր խոսքում թույլ չի տա նման տհաճ պատմական անճշտություններ, որոնք հարիր չեն պետության առաջին դեմքին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերի 95-ամյակի պատվին զինվորական շքերթի ժամանակ իր ելույթում նախագահ Իլհամ Ալիևը, մասնավորապես, հայտարարել էր. “Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է: Եվ ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև ժամանակակից Հայաստանի տարածքը, որն ստեղծվել է Իրևանի խանության հողերում, Ադրբեջանի պատմական հողեր են: Ես չեմ կասկածում, որ հակամարտությունը կգտնի իր արդար լուծումը, և Ադրբեջանի դրոշը կծածանվի Շուշիի և Խանքենդի վրա՚”,-հավաստիացրել էր Ալիևը: