Երեւանի քաղաքապետը մասնակցել է Վարշավայի “Հայկական պուրակի” անվանակոչման հանդիսավոր արարողությանը
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/001_1372241261.jpg)
Լեհաստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Լեհաստան այցելած Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության նախագահի եւ պատվիրակության մյուս անդամների հետ մասնակցել է Վարշավայի պուրակներից մեկը “Հայկական պուրակ” անվանակոչելու հանդիսավոր արարողությանը:
Պուրակի անվանակոչման որոշումն ընդունվել էր Վարշավայի քաղաքային խորհրդի կողմից՝ ի նշան հայ-լեհական դարավոր բարեկամության:
Հանդիսավոր արարողության շրջանակում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հայրն օծել է պուրակում տեղադրված հայկական խաչքարը, որը Հայաստանի Հանրապետության նվերն է Վարշավա քաղաքին:
Պուրակի անվանակոչմանը ներկա գտնվող Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկեւիչ-Վալցը՝ որպես հանդիսավոր արարողության բարի հուշ, քաղաքապետ Տարոն Մարգարյանին է նվիրել “Հայկական պուրակ” գրառումով ցուցատախտակը:
Շնորհակալություն հայտնելով ինչպես նվերի, այնպես էլ Վարշավայի քաղաքային խորհրդի կողմից պուրակի անվանակոչման որոշման համար՝ Տարոն Մարգարյանը մաղթել է, որ օծված խաչքարի զորությամբ Աստծո օրհնությունն անպակաս լինի հայ եւ լեհ ժողովուրդներից:
Պուրակի անվանակոչման հանդիսավոր արարողությունից հետո Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ մթնոլորտում շփվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, լսել նրանց բարեմաղթանքներն ու առաջարկները: Քաղաքապետը տեղեկացրել է համայնքի ներկայացուցիչներին, որ Երեւանի եւ Վարշավայի միջեւ ստորագրվել է Մտադրությունների հուշագիր, ինչը ենթադրում է երկու քաղաքների առավել սերտ համագործակցություն եւ, օգտվելով առիթից, հայ համայնքին առաջարկել է ակտիվորեն ներգրավվել իրականացվելիք ծրագրերում:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն