Հայաստանում թմրամոլների թիվն աճել է

Այսօր թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է: Լրագրողների հետ հանդիպմանը Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը հայտնեց, որ ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, թմրամոլների թիվն ավելացել է: Միակ երկիրը, որտեղ այդ աճը կանգ է առել, Շվեդիան է:
Հայաստանում թմրամոլների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, 4332 է: Սակայն սրանք միայն այն թմրամոլներն են, ում մասին անձնական տվյալները հայտնի են: Իսկ ըստ որոշ դիտարկումների՝ թմրամոլների թիվը 12.700 է: Նախորդ տարիների համեմատ՝ այս թիվն զգալիորեն աճել է:
Հարևան երկրներում ևս մեծ թվով թմրամոլներ կան, հատկապես նրանք շատ են Իրանում: Այստեղ թմրամոլների թիվը հասնում է մոտ 4.5 միլիոնի:
Ինչ վերաբերում է պատճառներին, ապա Սեմերջյանը նշեց, որ թմրամոլ դառնալու հիմնական պատճառը ոչ ճիշտ տեղեկատվություն ունենալն է, հասարակական ազդեցությունը, տարբեր վտանգների ազդեցությունը: Նա նաև շեշտեց, որ բուժման ընթացքում բոլորն են վերջնականապես ապաքինվում, եթե, իհարկե, այդ ցանկությունն ունեն:
Սեմերջյանի խոսքով՝ Հայաստանում ամենաշատը օգտագործում են կանեփից պատրաստած թմրամիջոցները, ապա մարիխուանան, ափիոնը:
Ուրախալի է այն, որ ինչպես կլինիկայի ղեկավարը հայտնեց, Հայաստանում թմրամիջոցների օգտագործումից մահ դեռևս չի գրանցվել: