24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թալեա՞թն է սպանել օսմանյան թագաժառանգին՝ Հայոց ցեղասպանությանն ընդդիմանալու համար

Ես հազվադեպ եմ անդրադառնում առեղծվածային սպանություններին, սակայն այս անգամ բացառություն կանեմ, հաշվի առնելով 1916 թվականին օսմանյան թագաժառանգ արքայազնի մահվան արտասովոր հանգամանքները եւ դրա հնարավոր կապը Թալեաթի ու Հայոց ցեղասպանության հետ:

Գաղտնիքը բացելու առաջին բանալին, որ ձեռքս ընկավ, 1921 թ. ապրիլի 3-ին “Պիտսբուրգ պրես” թերթում հրապարակված մի հոդված էր հետեւյալ վերնագրով. “Համբերատար հետեւել է նրան թաքստոցում եւ սպանել. ինչպե՞ս թուրք արյունարբու Մեծ վեզիր Թալեաթ փաշան, ով ծրագրել էր միլիոնավոր հայերի ջարդը, հանդիպեց իր ճակատագրին”:  Այս լուրը հրապարակվել էր 1921 թ. մարտի 15-ին Բեռլինում Սողոմոն Թեհլերյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության առիթով:

Լայնածավալ հոդվածի մի պարբերություն hատուկ ցնցող բացահայտում էր պարունակում. “Թալեաթի առաջխաղացման հետ կապված, թերեւս ամենատարօրինակ իրողությունն այն է, որ նա այդ բարձրագույն պաշտոնին հասնելու համար իր ճանապարհը հարթել է սպանելով թագաժառանգ արքայազն Յուսուֆ Էդինին՝ իշխող սուլթանի զարմիկին: Երիտասարդ արքան կտրականապես դեմ էր Թալեաթի՝ հայերի ոչնչացմանն ուղղված քաղաքականությանը: Թալեաթը, լուրջ դիմադրության հեռանկար տեսնելով, կրակել էր արքայազնի վրա, նրան շան նման սպանելով”:

Այս զարմանալի լուրի հավաստիությունը ճշտելու համար ես համացանցում երկարատեւ որոնումներ կատարեցի՝ պրպտելով հրապարակումներ անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն, իսպաներեն եւ հայերեն լեզուներով, նկատի ունենալով արքայազնի անվան տարբեր ուղղագրությունները՝ Յուսուֆ Էդին, Յասուֆ Իզեդին, Յուսուֆ Իզեթին եւ այլն:

Աղբյուրների մեծ մասը հաստատում է, որ թագաժառանգ արքայազնը մահացել է կասկածելի հանգամանքներում, սակայն նրանք ներկայացնում են երեք տարբեր դրվագներ, թե ինչպես է նա կնքել իր անժամանակ մահկանացուն: Այս առեղծվածի մասին նույնիսկ թուրքերեն մի ամբողջ գիրք գոյություն ունի. “Shehzade Yusuf Izzedin olduruldu mu, intihar mi etti?” (Թագաժառանգ արքայազն Յուսուֆ Իզեդինին սպանե՞լ են, թե՞ ինքնասպան է եղել):

Առաջին դրվագը “Պիտսբուրգ պրես” թերթում նշվածն է, որը հաստատում է՝ թագաժառանգ արքայազնը սպանվել է Թալեաթի կողմից՝ հայ ժողովրդի բնաջնջմանը ընդդիմանալու համար:

Թագաժառանգ արքայազնի վաղաժամ մահվան երկրորդ բացատրությունն այն է, որ նա ինքնասպանություն է գործել՝ կտրելով իր դաստակը: Երիտթուրքերի կառավարությունը 1916 թ. փետրվարի 3-ին հանդես է եկել հետեւյալ պաշտոնական հայտարարությամբ. “Նորին գերազանցություն գահաժառանգը, երկարատեւ հիվանդությամբ տառապելու պատճառով, այսօր առավոտյան ժամը յոթն անց կեսին ինքնասպան է եղել Զինդջիրլիի ամառանոցի հարեմի հարկաբաժնի ննջարանում՝ կտրելով իր ձախ ձեռքի երակները”: 

Այս պաշտոնական հայտարարությունը համատարած թերահավատությամբ ընդունվեց՝ տեղիք տալով թագաժառանգ արքայազնի մահվան երրորդ բացատրությանը: Ֆրանսիայի պետնախարար Իվ Գայոն 1916 թվականին հրատարակված իր “Պատերազմի պատճառներն ու հետեւանքները” գրքի անգլերեն խմբագրության նախաբանում գրել է՝ ովքեր կարդացել էին պաշտոնական հաղորդագրությունը, համոզված էին, որ երիտթուրքերը “ստիպել էին թագաժառանգին “ինքնասպան լինել”: Տարբեր աղբյուրների տեղեկատվությունը հաստատում է այդ կասկածը”:

Գայոն եւ այլ պատմիչներ պնդում են, որ ռազմական նախարար Էնվեր փաշան է սպանել Իզեդինին, քանի որ նա ընդդիմանում էր Գերմանիայի հետ Օսմանյան կայսրության դաշինք կապելուն Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում: “Թուրքական նավատորմի կողմից Օդեսան ռմբակոծելուց հետո նա [Իզեդինը] իր անհավանությունը հայտնեց բացահայտ ձեւով: Այդ պահից սկսած նրա ճակատագիրը որոշված էր”, գրել է ֆրանսիացի նախարարը:

Գայոն նաեւ մանրամասն նկարագրել է Թալեաթի, Էնվերի եւ երիտթուրքական այլ պարագլուխների մասնակցությամբ 1915 թվականին կայացած գաղտնի հանդիպումը, որի ընթացքում Էնվերը հորդորել է ոչնչացնել թագաժառանգին, որն, ըստ Գայոյի՝ “սպանվել է Եվրոպա մեկնելուց մեկ օր առաջ”:

Հայոց ցեղասպանության ականավոր վերապրող եպիսկոպոս Գրիգորիս Բալաքյանն իր “Հայոց Գողգոթա” հուշագրության մեջ պնդում է, որ թագաժառանգը “սպանվել է Էնվերի եւ Թալեաթի քրեական հանցախմբի կողմից…. Էնվերն անձամբ է սպանել Յուսուֆ Իզիդինին Բալմոմջիի կայսերական ագարակում”: Դարդանելի ճակատամարտում ականատես լինելով հազարավոր թուրք զինվորների դիակներին, թագաժառանգը բողոքել է Էնվերին, որ “Դարդանելը դարձել է թուրքական բանակի գերեզմանը”: Նա սպանվել է Էնվերին ատրճանակով սպառնալուց հետո:

Նրանք, ովքեր կարծում են, որ թագաժառանգի սպանությունը անհավատալի մի պատմություն է, պետք է գիտակցեն, որ նման պալատային սադրանքները սովորական երեւույթ էին Օսմանյան կայսրության երկարատեւ պատմության ընթացքում: Շատ հաճախ սուլթանները ոչնչացնում էին դավադիր ժառանգորդներին, իսկ մրցակից արքայազներն սպանում էին միմյանց՝ գահին տիրանալու ճանապարհը հարթելու համար: Իրականում, 36 սուլթաններից 15-ը վերացվել են տարբեր միջոցներով՝ երեքը հրաժարվել են գահից, յոթը՝ գահընկեց արվել, իսկ հինգը՝ սպանվել:

 

Հարութ Սասունյան`

“Կալիֆորնիա Կուրիեր” թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ